Գյումրեցի երիտասարդի սպանության գործով մորը
նիստերի դահլիճից դուրս էին հանել, ավարտել դատաքննությունը
2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրիի Տեքստիլ թաղամասի բնակիչ, 25-ամյա Արտյոմ Ադանալյանի (լուսանկարում) սպանության դեպքի վերաբերյալ ՀՀ ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել էր թիվ-18120014 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ սպանություն հատկանիշներով:
Նախաքննությունն իրականացրել է ՇՄ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Առաքելյանը: Սպանությունից օրեր հետո «Առավոտը» զրուցել էր տուժողի մոր՝ Ռուզաննա Ադանալյանի հետ, որն «Առավոտին» հայտնել էր, թե որեւէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, այն դեպքում, երբ դեպքին մասնակից է եղել ավելի քան 15 անձ: Մեղադրանք է առաջադրվել Տեքստիլագործների 44/1 տան բնակիչ Արթուր Սաշայի Մարտիրոսյանի նկատմամբ: 2015թ. սեպտեմբերի 30-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Գործն ընդունվել է վարույթ 2015թ. հոկտեմբերի 2-ին, նախագահող դատավորն է Աշոտ Մանուկյանը: Ի դեպ, առանց տուժող կողմի միջնորդությունները քննության առնելու, առանց սպանված մոր ներկայության դատավորը հունվարի 23-ին հայտարարել է դատաքննության ավարտը:
Տուժողի մոր տեղեկացմամբ, ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Առաքելյանի կողմից կատարվել են ապօրինություններ, մասնավորապես, դեպքի վայրից վերցվել էր մեծ քանակությամբ թմրանյութ, որը, չգիտես ինչու, թաքցվել է, ինչպես շատ իրեղեն ապացույցները: Մայրը նշում է նաեւ, որ մեղադրյալի հեռախոսային վերծանումներն ու սպանված որդու դիակի լուսանկարները նույնպես թաքցվել է, քննիչը Արտյոմին դանակի հարվածներ հասցրած Տեքստիլ թաղամասի բնակիչ Հովհաննես Թոփչյանի սպանությանը մասնակցելուն գնահատական չի տվել: Ըստ տուժողի մոր՝ ակնհայտ կեղծ դատաբժշկական եզրակացությունների ձեռքբերմամբ սպանության գործիքների՝ դանակների չհայտնաբերմամբ հեղեղված է ամբողջ քրեական գործը: «Քննիչ Հ. Առաքելյանի կատարած հանցավոր նախաքննությունը բացառապես նպատակ է հետապնդել թաքցնելու Արտյոմ Ադանալյանի պատվիրված սպանության, խմբի կողմից իրականացված լինելու փաստերը: Նախաքննական մարմնի գործողությունները իրականացվել են տվյալ ժամանակահատվածում՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, ՇՄ դատախազ Րաֆֆի Ասլանյանի, գործը վերահսկող դատախազ Արմեն Շիրոյանի, ՇՄ քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի եւ այլոց հանցավոր հովանու ներքո»,-«Առավոտին» ասում է սպանվածի մայրը:
Թե ինչու տուժողի մայրը չի մասնակցել վերջին դատական նիստին, Ռուզան Ադանալյանն ասում է. «Նույն օրը՝ հունվարի 23-ին, դատական նիստին հարցաքննվում էր ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի փորձագետ, դատաբժիշկ, այժմ արդեն կենտրոնի տնօրեն՝ Արգամ Հովսեփյանը: Նա հարցաքննվելու էր իմ միջնորդության համաձայն եւ պատասխան էր տալու իր իսկ կողմից տրված թերի, անարժանահավատ եւ ակնհայտ կեղծ եզրակացության համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում նույն փորձագիտական բյուրոյի դատահետքաբանները եւ դատաբժիշկները եւս հարցաքննվել էին եւ քննիչի կողմից առաջադրված հարցերին չէին պատասխանել ինչպես նախկինում, այնպես էլ դատարանում եւ հայտնվել տհաճ անհարմարությունների մեջ, ուստի մեղադրանքը պաշտպանող դատախազ Արմեն Շիրոյանը, ով իր օրենքի անհամապատասխան կետի առարկություններով խոչընդոտեց իմ հարցին փորձագետի կողմից տրվելիք պատասխանը, վերջինիս միացավ դատավոր Աշոտ Մանուկյանը, այս երկուսին միացավ եւ առիթավորվեց փորձագետ Արգամ Նորայրիչը, անգամ վիրավորելով ինձ:
Իսկ դատավորն առանց նախազգուշացման սանկցիա կիրառելու, միանգամից նիստերի դահլիճից ինձ դուրս հրավիրելու սանկցիա կիրառեց, սակայն որեւէ սանկցիա չկիրառեց ոչ փորձագետի եւ ոչ էլ դատախազի նկատմամբ: Ինչը ակնհայտ դատախազության հետ փոխպայմանավորված շոու էր, դատաբժշկին փրկելու եւ ինձ զրկելու նրան առաջադրվող հարցերի անհապաղ պարզաբանումներն ստանալու իրավունքից: Իմ հանդեպ կիրառված սանկցիան ուղիղ 1 ժամ տեւողությամբ էր նախատեսված, պաշտպանական կողմի փաստաբանը հուշեց դատավորին, որ վերջինս ի նկատի ունենա, որ սանկցիայի ժամանակը հաշվարկվում է որպես դատական մեկ ժամ տեւողությամբ, եւ դատավորը իր մտերիմներով՝ ամբաստանյալի ու մեղադրողի հետ դատն անցկացնելով, առանց փորձագետին համապատասխան հարցեր առաջադրելու, առանց իմ մնացած միջնորդությունները քննության առնելու, հայտարարեց դատաքննության ավարտը»:
Ի դեպ, դատավորը 1 ժամ տեւողությամբ սանկցիան «կիրառում է» արդեն թվով 3-րդ նիստով. յուրաքանչյուր նիստ անցկացնում է 20 րոպե, 25 րոպե տեւողությամբ, որոնք իրենց մեջ ներառում են դատական ընթացակարգի փուլերի ավարտ: Փետրվարի 6-ի դատական նիստին մեղադրողն ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանի համար միջնորդել է 12 տարվա ազատազրկում: Տուժողի իրավահաջորդը դժգոհ է պատժաչափից եւ նրա կարծիքով՝ այն չի համապատասխանում գործում առկա փաստական հանգամանքներին եւ ապացույցներին: Նրա կարծիքով, գործում առկա փաստական հանգամանքների, ապացույցների, եզրակացությունների համաձայն, արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասին, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետի հատկանիշներին, որի համար նախատեսված պատժաչափը 12- 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ է սահմանված:
Դատարանում դատախազ Ա. Շիրոյանն իր ճառում հայտնել է, որ գործում առկա են փաստական հանգամանքներ, ըստ որոնց՝ Արտյոմ Ադանալյանի սրտի եւ թոքի շրջանում հասցված վնասվածքներն առաջացել են տարբեր դանակների ներգործությամբ, տարբեր անձանց կողմից: Մոր դիտարկմամբ՝ խմբի կողմից:
Առանձին մտահոգության տեղիք են տալիս սպանությունից հետո դեպքի վայր գնացած շտապօգնության բրիգադի գործողությունները:
Զրուցակիցս՝ մայրը, տալիս է անգամ սպանության պատվիրատուի անունը՝ Շիրակի մարզի «Կանանց, ընտանիքի եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի» պետ Լուսինե Գինոսյանի, ներկա պահին հանդիսանում է «Կենաց ծառ» կազմակերպության նախագահը, ինչին դեռեւս նախաքննության փուլից տեղյակ է դատախազությունը: Վաշխառության գործով դատը շահելուց հետո, ըստ որդեկորույս մոր, Լուսինեն սպառնացել էր իրենց ընտանիքին. «Գինոսյանը նախկինում ոչ միայն ինձ է սպառնացել, այլ նաեւ հեռուստաընկերությունների, ովքեր փորձել են բարձրաձայնել իր վաշխառության մասին: «Կենտրոն» հեռուստաընկերությանը Գինոսյանի համար սպառնացել է նաեւ մի տղամարդ: Նշված սպառնալիքից հետո 1 ամիս անց կազմակերպեց որդուս սպանությունը՝ ինձանից վրեժխնդիր լինելու նպատակով»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
13.02.2018