«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Արսեն Արծրունին քսաներեք տարի պատժի կրմանը զուգահեռ՝ 2007թ. ընդունվել է Երեւանի «Ուրարտու» համալսարանի ընդհանուր հոգեբանության ֆակուլտետ, որպես մագիստրատուրայի ուսանող: 2010 թ. ավարտել է մագիստրատուրան եւ ստացել գերազանցության դիպլոմ եւ նույն տարում էլ ընդունվել է նույն համալսարանը, որպես ասպիրանտ (հայցորդ), իրավաբանական հոգեբանության թեմայով:
2013-2014 թթ. 62 ցմահ ազատազրկման դատապարտված անձի հետ անցկացրել է անհատական թեստեր (ընդհանուր 670 պնդում) եւ խմբային ու անհատական հարցազրույցներ: Ձեռք են բերվել ավելի քան 42.000 տվյալներ:
2015 թվականին հեռակա կարգով մասնակցել է Երեւանում տեղի ունեցող միջազգային գիտաժողովի, որի առիթով հրապարակել է իր գիտական հոդվածը:
2016թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, դարձյալ որպես ասպիրանտ (հայցորդ), սակայն այս անգամ սոցիալական հոգեբանության թեմայով: 2005-2006 թթ. ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5-րդ հարկում ստեղծվել է դասասենյակ, որտեղ Արսեն Արծրունին կազմակերպել է անգլերեն լեզվի դասընթացներ: Դասընթացի համար, նաեւ Միջազգային Կարմիր Խաչի օժանդակությամբ ձեռք է բերել դասագրքեր եւ գրենական պիտույքներ եւ դրանք տրամադրել դասընթացի մասնակիցներին:
Նշենք, որ 2005-2008 թթ., երբ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խցերում թույլատրվում էր ունենալ համակարգիչ, տարբեր դատապարտյալների խնդրանքով այցելել է նրանց խցեր եւ անցկացրել համակարգչային դասընթացներ:
2002-2006թթ. հիմնել է «ՊԱՉ Իրավունք» անունը կրող հասարակական նախաձեռնությունը, որի նպատակն է եղել Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող քրեակատարողական ոլորտում բարեփոխումների հարցում հանրային օգնություն ցուցաբերելը: Այդ բարեփոխումների արագացման նպատակով, «ՊԱՉ Իրավունքը» Արսեն Արծրունու նախագծով եւ իր եղբոր ու ընկերների մասնակցությամբ ֆինանսավորել է տարբեր նախագծեր, ինչպես, օրինակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բոլոր հարկերի լուսամուտների վրա դրսից տեղադրված երկաթյա փեղկերի (ժալյուզների) ապամոնտաժման աշխատանքները, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց 6 խցերի ամբողջական նորոգում, հինգերորդ հարկի դասասենյակի նորոգում եւ կահավորում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի երկար տեսակցության հարկաբաժնի կառուցման նյութերի հատկացում, «ՊԱՉ Իրավունք» նախաձեռնությունը հարյուրից ավելի գրքեր է նվիրել գրադարանին, ֆինանսավորել տարբեր դատապարտյալների բժշկական ծախսերը ու մասնակցել բազում այլ անմիջական խնդիրների լուծմանը (ջրագիծ, հոսանքի վթար եւ այլն):
Այսքանով հանդերձ՝ Արսեն Արծրունին երբեւէ խրախուսանքի չի արժանացել, նույնիսկ ավելին, մերժել են պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմումը: 12.07.2017թ. պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը ուսումնասիրելով «Արթիկ» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու հարցը, որոշում էր կայացրել պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ տալ բացասական եզրակացություն:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2017թ. որոշման դեմ բերված բողոքում, բողոքաբեր կողմը նշել էր. «Ըստ գործի նյութերի, ինչպես նաեւ դատապարտյալի անձնական գործի ուսումասիրությունից երեւում է, որ Արսեն Արայի Արծրունին պատժի կրման ընթացքում 3 անգամ կարգապահական տույժերի է ենթարկվել, չի խրախուսվել, արտաքին աշխարհի՝ հարազատների հետ կապը պահպանում է հիմնականում հեռախոսակապի միջոցով, քաղ. հայց չունի, կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցում է, սովորում է բուհում, որպես ասպիրանտ, անտարբեր է քրեական ենթամշակույթի եւ քրեական ավանդույթների նկատմամբ, բնավորությամբ հանգիստ է, շփվող, ինքնամփոփ, աշխատասեր, հարգալից, միջանձնային կոնֆլիկտային խնդիրներ չունի, զղջում է կատարած արարքի համար»:
Դատարանը փաստում է, որ դատապարտյալ Արսեն Արծրունուն պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ անկախ հանձնաժողովի եզրակացությունը տրվել է օրենքով սահմանված ընթացակարգերի հիման վրա եւ այն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է դատարան:
Պաշտպաններ Նարինե Ռշտունին եւ Ռոբերտ Ռեւազյանը ներկայացրել են նաեւ նրա առողջական վիճակին առնչվող փաստաթղթեր:
Դատախազ Մարգար Սողոմոնյանը լսելով պաշտպանական կողմին, ասաց, թե արդյո՞ք գիտական աշխատանքով զբաղվելը խոսում է դատապարտյալի ուղղվելու մասին, երբ զուգահեռ նա խախտել է ներքին կանոնակարգը: Նա ասաց նաեւ, որ տեղյակ չէ, որ դատապարտյալի միջոցով որոշակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել «Նուբարաշենում»:
Երեկվա վերաքննիչ քրեական դատարանում նշանակված բողոքի քննության մանրամասները կարդացեք հաջորդ համարում:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
13.02.2018