Տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրենը
չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները
«Առավոտին» է դիմել Երեւանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի նախկին փոխտնօրեն, այժմ դաստիարակչական աշխատանքների գծով բաժնի վարիչ Մխիթար Պատվականյանը:
Նա նշում է, որ սեպտեմբերից մինչեւ հիմա հարց է բարձրացրել այն մասին, որ ունեն 100-ից ավելի ուսանողներ, որոնք ձեւակերպված են անհատական ուսուցմամբ, դասի չեն գալիս, սակայն կրթաթոշակ են ստանում: «Այդ անվան տակ 100-ից ավելի ուսանողներ դասի չեն գալիս, մինչդեռ անհատական համակարգով սովորողները ամսվա մեջ 8-10 օր պետք է դասի գային: Անհատական չի նշանակում ընդհանրապես չգալ, բայց գնահատականները նշանակվեն…Նույն ձեւով էլ քննություն են հանձնում: Իմ «կռիվը» տնօրենի հետ հենց այս թեմայով է: Տնօրեն են դարձրել մի մարդու` Կառլեն Հայրապետյանին, որը սուպերմարկետի տնօրեն է եղել, կրթության ոլորտի հետ կապ չունի: Նա քանի տարի մեր քոլեջի կառավարման խորհրդի նախագահն է եղել: Ես 7-8 տարի քոլեջում աշխատում եմ, բայց չեմ հիշում, որ այդ մարդը մի օր նիստ աներ, նիստի մասնակցեր… Այս տարվա սեպտեմբերից նա մրցույթով քոլեջի տնօրեն է ընտրվել, ընդ որում, որեւէ մեկի հետ չի էլ մրցել: Մի խոսքով, տնօրենին տեղեկացրի դասի չեկող ուսանողների մասին, ինքը Քաջ Նազարի նման ասաց, հեսա կվերացնեմ, արմատախիլ կանեմ այդ ամենը, կարգադրեց կուրսի ղեկավարներին ու բաժնի վարիչներին, իսկ մենք 24 կուրս ունենք, որ ճշտենք այդ ուսանողների հետ կապված ամեն ինչ: Մենք երկու ամիս աշխատել ենք, մեր գործերը թողած` ճշտել ենք այդ ուսանողների ապրելու, աշխատելու վայրերը, ով որտեղ է գրանցված, բայց անօգուտ: Սայլն այդպես էլ տեղից չշարժվեց»,- հայտնեց Պատվականյանը:
Նրա ձեւակերպմամբ, այդ երեխաներին հիմնականում հովանավորում են իրենց քոլեջի տնօրենը եւ նրա շրջապատի մարդիկ: Ի դեպ, փետրվարի 7-ի մի գրությամբ էլ Պատվականյանին առաջարկել են ազատել իր աշխատասենյակը եւ այլ տարածք տեղափոխվել:
Մեր զրուցակիցը հավելեց, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եւ ԿԳՆ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի անունով նամակ է գրել հունվարի 18-ին. «Այդ նամակն իրենց մոտ է, ասում են, որ քննարկում ենք»: Նա նաեւ ասաց, որ երկրորդ նամակն է գրել:
Քոլեջի դաստիարակչական աշխատանքների գծով բաժնի վարիչը պնդում է, որ կեղծ խմբեր ունեն իրենց քոլեջում ու «փակագծեր» է բացում. «Ասենք՝ մի մասը անգլերեն է անցել, մյուս մասը՝ գերմաներեն, էն մյուս մասը՝ ֆրանսերեն, սեպտեմբերի 1-ից ըստ դպրոցում սովորած լեզուների, կուրսը կիսվում է խմբերի: Օրենքով 3-4 հոգուց պակաս խումբ չպետք է ձեւավորվի: Օրինակ, որպեսզի ֆրանսերենի խումբն աշխատի եւ դասախոսը վարձատրվի, կեղծ խումբ են ստեղծում չեկած ուսանողների հաշվին…Ինձ մոտ ցուցակ կա, մյուս բաժնի վարիչի հետ ստուգել ու գրել ենք, թե որ օրն է դաս եղել, որ օրը՝ ոչ: Էդ խմբերից հազիվ մեկ ուսանող է դասի գալիս»:
Մխիթար Պատվականյանն ասում է, որ իր ահազանգերից հետո որեւէ ստուգում չի իրականացվել քոլեջում. «Ամեն ինչից տեղյակ է տնօրենը, որ դիմել եմ նախարարություն: Հունվարի 26-ին նա իր պաշտոնեական դիրքի չարաշահման 3-րդ դեպքն է գրանցում: Ինձ պատժելու համար բաներ է մտածում: Դրա համար հետեւյալն են պատճառ համարում. ես Նոր տարին անցկացրել եմ Ղրիմում եւ մեկնելուց մեկ շաբաթ առաջ իրեն տեղեկացրել եմ, փոխնօրենին նույնպես: Ասել եմ, որ եթե հանկարծ Լարսը փակվի, կարող է մի քանի օր ուշանամ: Նույնիսկ ծիծաղեցին, թե էդ ի՞նչ ես ասում, բա ամոթ չէ՞: Եկել եմ 2 օր ուշացումով, եթե սպասեի Լարսի բացմանը, գուցե մի 8 օր էլ ուշանայի, ստիպված մի 5 անգամ ավելի գումար ծախսելով՝ ինքնաթիռով եկա-հասա: Հունվարի 26-ին տնօրենն ինձ կանչեց, որ բացատրություն գրեմ` հունվարի 8-9-ին աշխատանքի չգալու համար: Նա նախարարին դիմելուց հետո «ընկել» է իմ հետեւից: Բացատրությունը գրել եմ, ու ինչ գրել եմ՝ քսերոքսը վերցրել, վրան էլ ստորագրություն եմ դնել տվել: Բացատրել եմ, որ Լարսի հետ կապված եմ երկու օր բացակայել:
Բացատրագրում խնդրել եմ բացակայությունս համարել հարգելի: Ես գիտեմ, որ տնօրենը գործ է սարքում ինձ վրա, բայց ես տնօրենի օրինական պահանջը կատարել ու բացատրագրում ամեն ինչ ասել եմ: Այնուհետեւ գրավոր նկատողություն ստացա իրենից, մինչդեռ Աշխատանքային օրենսգրքում «գրավոր նկատողություն» արտահայտություն, որպես այդպիսին, չկա: Մի քանի օր հետո էլ ծանուցում եմ ստանում տնօրենի կողմից, որ համաձայն Աշխատանքային օրենսգրքի, երկու ամիս հետո իմ աշխատանքային պայմանագրում փոփոխություն կկատարվի»:
Մեր զրուցակցի համոզմամբ, իրենից ուզում են ազատվել, ինչ է թե համարձակվել է քոլեջում առկա զանազան խախտումների մասին ահազանգել նախարարությանը: Պատվականյանը նաեւ շեշտում է, որ հենց այդ պատճառով է ժամանակին փոխտնօրենից դարձել բաժնի վարիչ: Ի դեպ, փետրվարի 7-ի գրությամբ էլ Պատվականյանին առաջարկվել է ազատել աշխատասենյակը եւ այլ տարածք տեղափոխվել:
«Առավոտը» կապվեց նաեւ ԿԳ նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի հետ: Վարչության պետը տեղեկացրեց. «Մխիթար Պատվականյանի նամակը քննարկման փուլում է, ուսումնական հաստատության ղեկավարությունից պարզաբանում ենք պահանջել, եթե բացատրությունները չբավարարեն, չի բացառվում, որ ուսումնասիրություններ սկսվեն քոլեջում»:
Կապվեցինք քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանի հետ: Նա ասաց, որ ինքն իսկապես բիզնես ոլորտի մարդ է, բայց հեռու չէ կրթության ու գիտության ոլորտից, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է: Ինչ վերաբերում է Պատվականյանի ասածներին, տնօրենն ամեն ինչ հերյուրանք որակեց: Կառլեն Հայրապետյանը նաեւ հերքեց, թե փորձում է հաշվեհարդար տեսնել աշխատակցի հետ: Նրա` ԿԳ նախարարություն բողոքելու մասին էլ նշեց, որ իր գործն է, ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչքան է սիրում երեխաներին եւ երկիրը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` քոլեջի ֆեյսբուքյան էջից:
«Առավոտ»
13.02.2018