Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության ավարտից հետո մարզաձեւի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը «Առավոտի» հետ զրույցում գնահատեց մրցաշարը եւ խոսեց 2018 թվականին ֆեդերացիայի ծրագրերի մասին:
«Առաջնությունն ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածի համար նորմալ անցավ, սակայն ցուցադրված մենամարտերի որակը դեռեւս միջին մակարդակի էր: Դա բնական է, որովհետեւ մրցաշրջանը նոր է մեկնարկում եւ բռնցքամարտիկները նոր են սկսում աստիճանաբար մարզավիճակ ձեռք բերել: Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին այս տարի դժվար աշխատանք է սպասվում: Հավաքականի նոր կազմը ձեւավորելիս այնտեղ կարող են լինել նաեւ պատանիներ, որոնք մասնակցեցին այս առաջնությանը եւ իրենց լավ դրսեւորեցին:
Այս տարիքային խմբի հավաքականն ընթացիկ մրցաշրջանում երեք կարեւորագույն մրցում ունի՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններ եւ պատանեկան օլիմպիական խաղեր: Դրանց պետք է լավ նախապատրաստվել: Անհրաժեշտ է կազմակերպել ուսումնամարզական հավաքներ, հնարավորին չափ շատ միջազգային մրցումների մասնակցել, որպեսզի մարզիչը տեսնի, թե տվյալ փուլում ով ինչ վիճակում է եւ կարողանա հավաքականի թեկնածուների միջից ճիշտ ընտրություններ կատարել: Շուտով Կարեն Աղամալյանը կներկայացնի հավաքների եւ մրցումների մասնակցության իր ծրագիրը, կներկայացնի ֆեդերացիա եւ մենք կքննարկենք», – ասաց պարոն Գասպարյանը:
Առաջնության եզրափակիչ մենամարտերի ընթացքում մի քանի անցանկալի երեւույթներ եղան: Մրցավարներից շատերը հրաժարվում էին կոնկրետ գոտեմարտեր ռինգում սպասարկելուց, իսկ պարտություն կրած որոշ բռնցքամարտիկների մարզիչներ, դժգոհ մրցավարների որոշումից, անհարկի բանավեճի մեջ էին մտնում քարտուղարության հետ՝ հանդիսականների մեջ ավելորդ կրքեր բորբոքելով:
«Մրցավարները չէին ցանկանում ռինգում սպասարկել այն մենամարտերը, որտեղ գրեթե հավասար ուժերի տեր բռնցքամարտիկներ էին չեմպիոնության համար պայքարելու եւ նրանց համար իսկապես դժվար էր լինելու: Դա գալիս է նրանց որակավորման աստիճանից, նրանից, որ այդ մրցավարներն իրենց վրա այնքան էլ վստահ չեն, որ կարող են ակնթարթի տակ սխալ վճիռ կայացնել: Բոլոր երեխաներն էլ մերն են, նրանք մարզվել են, քրտինք թափել եւ յուրաքանչյուր մրցավար պետք է կարողանա ճիշտ, անկողմնակալ վարել մենամարտը: Ես, որպես ֆեդերացիայի փոխնախագահ, կողմնակալ մրցավարություն չտեսա: Մրցավարական սխալմունքներ լինում են: Դրանք անխուսափելի են նաեւ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, անգամ օլիմպիական խաղերում:
Ինչ վերաբերում է որոշ մարզիչների պահվածքին, ցավոք, այդպիսիք կան: Նրանք իրենց ճիշտ չեն պահում, անում են անվայել արտահայտություններ: Այդպիսի մարզիչների սանից ի՞նչ կարելի է պահանջել: Ամեն մի բռնցքամարտիկ, որ եկել է Հայաստանի առաջնություն, ուզում է հաղթել, մրցանակակիր դառնալ ու ընդգրկվել հավաքական: Տրիբունաներում նրանց հարազատներն են, եւ մարզիչը իր պահվածքով նրանց մեջ անհարկի կրքեր է բորբոքում, ինչը փոխում է նաեւ դահլիճում ընդհանուր մթնոլորտը: Մեր ֆեդերացիան Արթուր Գեւորգյանի ղեկավարությամբ այս խնդիրը մշտապես ուշադրության շրջանակներում է պահում: Պարբերաբար ժողովներ ենք անցկացնում մարզիչների համար: Դրանք, ի դեպ, որոշակիորեն նվազեցրել են նման դեպքերը: Մարզիչների հետ տարվող աշխատանքները շարունակելու ենք», – ասաց Սամվել Գասպարյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
13.02.2018