Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականների հանդիսավոր թափորով իջավ Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն:
Ժամերգությանը հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ նաև տարվա առաջին Անդաստանի կարգը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի կողմից օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, հայրենիքն ու ժողովուրդը:
Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից Ամենայն Հայոց Կաթողիկոսը վառեց Քրիստոսին խորհրդանշող մոմը` կենսատու լույսը փոխանցելով ներկա հավատավոր ժողովրդին:
Արարողության ավարտին թափորը ժողովրդի ուղեկցությամբ ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջաբակ, ուր Գարեգին Բ Հայրապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը: Այս առիթով Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը հանդես եկավ հոգևոր և ազգային երգերի կատարումներով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ