Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտը փորձում է վերադառնալ բանակցությունների սեղան

Փետրվար 13,2018 22:50

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք կանոնակարգում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը, տարածաշրջանային այցն ավարտեցին չճանաչված հանրապետություն այցելությամբ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման արդյունքում նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում հերթական անգամ կողմերին կոչ են անում զերծ մնալ հակամարտության սրումից և շարունակել բանակցությունները՝ հանուն հիմնահարցի խաղաղ լուծման:

Հայտարարության մեջ համանախագահներն ընդգծել են Ժնևի, ինչպես նաև ավելի վաղ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում կողմերի ստանձնած բոլոր հանձնառությունների բարեխիղճ կատարման անհրաժեշտությունը: Միջնորդները նաև խոր անհանգստություն են հայտնել շփման գծում վերջին շրջանում հայ զինվորի մահվան կապակցությամբ և կոչ արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ և հետևել հրադադարի ռեժիմին:

Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը զուսպ արձագանքեցին միջնորդների հայտարարությանը: Ադրբեջանական կողմը դարձյալ դժգոհություն հայտնեց առ այն, որ բազում տարիների բանակցությունները գործնական արդյունքներ չեն տալիս, այսինքն` Բաքվի իրավասությունը դեռ վերականգնված չէ, փախստականները չեն վերադարձել իրենց բնակավայրերը և այլն:

Հայկական կողմի տեսակետը երկուշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում արտահայտեց խորհրդարանում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքերից հետևում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հերթական անգամ ընդունել է լղոզված հայտարարություն՝ առանց հստակ նշելու հրադադարի ռեժիմ խախտողին:

«Ակնհայտ է, որ Մինսկի խմբի հայտարարությունը հասցեագրված է Ադրբեջանին… Ադրբեջանական կողմը հնարավոր ամեն բան անում է՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը վարկաբեկելու համար, և դա հիանալի կերպով հասկանում են միջնորդները: Մենք պետք է, վերջապես, մեխանիզմներ և հրադադարի ռեժիմի վերահսկման տեխնիկական միջոցներ ներդնենք: Սակայն ադրբեջանական կողմն այդ հարցում շահագրգռված չէ»,- մեկնաբանել է Բաղդասարյանը: Նա նաև հիշեցրել է, որ հայկական կողմը բազմիցս պահանջել է հստակ մատնանշել, թե որ կողմն է մեղավոր հրադադարի խախտման մեջ, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախկինի պես խուսափում են դրանից, ինչը նպաստում է հակամարտության սրմանը:

Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակը որոշակի կայունացումից հետո դարձյալ բարդացել է: Հայկական կողմը հայտարարում է, որ ադրբեջանական կողմը զանգվածաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Իրավիճակի կարգավորմանը չեն նպաստում նաև կողմերի քաղաքական հայտարարությունները:

Այսպես, Հայաստանի ԱԳՆ-ն կտրուկ է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած այն հայտարարությանը, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակն է վերադարձնել «մաքուր ադրբեջանական տարածքները, որոնց վրա ստեղծվել է Հայաստանը»: Ի պատասխան՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ հայտարարությունն անվանել է Ադրբեջանի իշխող վարչակարգ ռասիստական էության հերթական դրսևորում:

Բանակցային գործընթացում իր հավակնություններն ունի նաև Լեռնային Ղարաբաղը, շարունակում է թերթը: Ստեփանակերտն անարդարացի է համարում այն հանգամանքը, որ ինքը բանակցություններին չի մասնակցում: Համանախագահների հետ հանդիպմանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել լիարժեք բանակցային ձևաչափը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728