Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով, այսօր ավագանու նիստին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների կազմակերպած բողոքի ակցիան բողոքի ակցիայի նման չէր:
«Դա ոչ թե մի ակցիա էր, որով խնդիրը բարձրացվեց ու հասկանալի դարձավ բոլորին, այլ մի ակցիա էր, որ վերջում հասկացանք՝ ինչ են ուզում անել, ինչի համար արեցին այդ ամեն ինչը: Անհասկանալի բաժակներով ու ձեռնոցներով սկսեցին շարժվել ավագանու նիստի ժամանակ, ու ես՝ ինքս, մտածում էի՝ տանում են ում երեսին շփեն այդ նյութը, որից շատ փիս հոտ էր գալիս: Սազական չէ հատկապես կանանց, էլ չեմ ասում այն տղամարդկանց, որոնք իրենց ձեռքերին ազատություն տվեցին, այդ կռվի երկու կողմերն էլ իրենց գռեհկությամբ, չափն անցնելու կարողություններով երկուստեք իրար արժանի էին»,- Aravot.am-ին ասաց Անահիտ Բախշյանը:
Նա ծեծկռտուքի ժամանակ փորձում էր հանգստացնել երկու կողմերին. «Այն, ինչ կատարվում էր, տգեղ երեւույթ էր երկու կողմի համար էլ: Արդեն կորցրել էին մարդկային նկարագիրը, ընտրություն չէին դնում ոչ քայլերի, ոչ ձեռքերի գործողություններում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ