ՀՀ նախագահի 4-ր թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր գյումրեցի մտավորականների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ ինքն առաջին անգամ այս քաղաքում եղել է իր ճարտարապետ հոր հետ, երբ դեռ երեխա էր ու միասին գնացել են թատրոն։
«Գյումրին 88-ից հետո մեր ցավն է, իսկ 88-ից առաջ մեր հպարտությունն էր, հույս ունեմ, որ տարիներ հետո նորից մեր հպարտությունը պետք է լինի», իր խոսքն այսպես սկսեց Արմեն Սարգսյանը։
Լրագրողների հետ զրույցում էլ նախագահի թեկնածուն հիշեց՝ 1996 թվականին, երբ Գյումրի է եկել որպես վարչապետ, մտածել է, որ ժողովուրդը պիտի նյարդայնացած դիմավորի, բողոքի, որովհետև դառնացած է, սակայն ճիշտ հակառակ պատկերի է արժանացել․ նրան ընդունել են ջերմությամբ, տատիկները հրավիրել են տնակներ ու ճաշ հյուրասիրել։
«Սա ցույց է տալիս գյումրեցու մեծահոգությունը, իր դժվարության մեջ, իր ամենածանր պայմաններում մարդիկ չէին բողոքում, որովհետև գիտեին երկիրը դժվարության մեջ է, և ինձ տեսնելով՝ ոչ թե բողոքի, այլ հույսի, ջերմության վերաբերմունքը ցույց տվեցին, այսինքն` հոր նման ինձ ընդունեցին։Սա ես երբեք մոռանալ չեմ կարող։ Հիմա ես այս 21 տարիների ընթացքում Գյումրի հաճախակի եմ եկել, բայց դուք չեք իմացել դրա մասին», -ասաց Արմեն Սարգսյանը։
Նա նաև ասաց, որ միշտ ցավոտ է վերաբերում Շիրակի մարզի խնդիրներին, որովհետև 88-ից թվականից հետո սկսված պայքարը Արցախի և ՀՀ-ի համար ինչ-որ իմաստով ստիպել է մոռանալ երկրաշարժ տեսած Շիրակի մարզը։
Արմեն Սարգսյանը կարևորեց մարզերի համաչափ զարգացումը ու երկրի հարստության ու աշխատանքի հավասարաչափ բաշխումը՝ ասելով, որ Շիրակի մարզն ունի հսկայական պոտենցիալ։ «Այս քաղաքը եղել է վարպետների, ուստեքի քաղաք։ Մեր բարեկամները, մեր ընտանիքը Երևանում ծրագիր ենք իրականացնում, կոչվում է «Երևան իմ սեր», հին շենքերը վերանորոգում ենք և մեջն անդամալույծ երեխաներ ենք դնում, վերջերս բացվեց մեկը «Սուրբ Սարգիսի» մոտ, ես ուզում եմ այդ նույն ծրագիրը Գյումրիում անել, և ի՞նչն է հետաքրքրիր, մենք տարբեր շինարարներ ունեինք, աշխատում էին, չէին հասցնում, որակը լավ չէր և գիտեք վերջում որտեղից գտանք վարպետների, Գյումրիից։
Այդ մարդիկ փայլուն աշխատեցին։ էս քաղաքը եղել է վարպետների քաղաք է, վարպետ ասելով՝ ես ի նկատի ունեմ և՛ Ավետիք Իսահակյանին, և փայտագործին, ատաղձագործին և՛ երկաթագործին։ Ես ուզում եմ այս քաղաքը դառնա վարպետների քաղաք։ Սա երազ է, դրա համար պետք է շատ աշխատենք բոլորս միասին, մեկ հոգի չի կարող փոխել, եթե սպասում եք մեկը գա, բոլորը փոխի, մեկի փոփոխելով չի լինի, բոլորս միասին,հակառակ դեպքում, չի ստացվի: Եթե դուք սպասելու եք, որ կենտկոմի առաջին քարտուղարը, ընկեր Բրեժնեւը գա փոխի, չի ստացվելու», ասաց Արմեն Սարգսյանը։
Նրա ամբողջական հարցազրույցը տեսանյութում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ