Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Ղարիբյան. «Տարոն Մարգարյանի հրահրմամբ ավագանու նիստին տեղի ունեցավ այդ բռնությունը»

Փետրվար 13,2018 20:11

Այսօր երեկոյան Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ մի խումբ քաղաքացիներ, այդ թվում նաեւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները բողոքի ցույց էին անում: Այս ցույցը նախաձեռնվել էր այն բանից հետո, երբ ավագանու այսօրվա նիստին «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ ՀՀԿ-ականները բռի ուժ էին կիրառել, ապտակել, հարվածել ու քաշքշել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, Սոնա Աղեկյանին եւ Զարուհի Փոստանջյանին:

Ցույցը, կարելի է ասել՝ ոստիկաններն արագ ցրեցին: Նրանք ցույցի մասնակիցներին բռնի ուժով հեռացրեցին քաղաքապետարանի մուտքի մոտից:

Aravot.am-ի հետ զրույցում ցույցի մասնակից Արման Ղարիբյանն ասաց, որ ցույցի նպատակն ու իրենց պահանջն այն է, որպեսզի բռնություն գործադրած ավագանու անդամների մանդատը վայր դրվի եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկեն:

Ցույցի մասնակիցները համատեղ հայտարարություն արեցին քաղաքապետարանի շենքի մոտ. «Մենք դատապարտում ենք այսօր ավագանու նիստին տեղի ունեցածը, եւ պահանջում ենք, որպեսզի քրեական հետապնդում լինի հանցագործություն կատարած ավագանու անդամների նկատմամբ»:

Ոստիկանների բռնի ուժի կիրառման ժամանակ, ինչպես վստահեցրեց Արման Ղարիբյանը, ցույցի մասնակիցներից 2-ի բաճկոնը պատռվել է, մի քանիսն էլ մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել. «Մեկի կոկորդն էին բռնել ու սեղմում, մեկի մազերից էին քաշում: Շատ տհաճ գործողություններ էին անում, այնպես, ինչպես իրենք սովոր են: Ոստիկանական բաժին որեւէ մեկին չեն տարել: Իրենց նպատակն ուղղակի մուտքը ազատելն էր, որովհետեւ այնպիսի ժամ էր, որ քաղաքապետարանի աշխատակիցները պետք է դուրս գային աշխատանքի վայրից: Բայց, իրականում, մենք քաղաքապետարանի մուտքն ու ելքը չէինք փակել: Ավելի շատ ոստիկաններն էին դուռը փակել, իրականում իրենք էին խոչընդոտում քաղաքապետարան մուտքն ու ելքը»:

Արման Ղարիբյանի խոսքերով՝ ցույցի մասնակիցները նաեւ պահանջել են, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր գրասենյակից իջնի նրանց հետ հանդիպման. «Որովհետեւ կարծում ենք, որ ավագանու նիստին հենց իր՝ Տարոն Մարգարյանի հրահրմամբ տեղի ունեցավ այդ բռնությունը, եւ գոռացինք՝ Տարոն, իջի՛ր, Տարոն, իջի՛ր: Այդպես էլ չիջավ, հետո իմացանք, որ նա քաղաքապետարանի հետնամուտքով փախել է, եւ չի համարձակվել գալ քաղաքացիների աչքերին նայել, կարծիքը լսել, մեր հարցերին պատասխանել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728