Լրահոս
Օրվա լրահոսը

Բեքչյանի հրաժեշտի նամակը պոլսահայությանը

Փետրվար 13,2018 20:22

2017 թվականի մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիոսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը:

Բեքչյանը, նամակում ներկայացնելով պատրիարքի տեղապահի ընտրության ընթացքը, նշել է, որ 50 տարի արտասահմանում ապրելուց հետո Թուրքիա վերադառնալու միակ նպատակն է եղել կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունը: Բեքչյանը նշել է, որ խորապես սխալվել է՝ կարծելով, թե  այս հարցում  բարեխղճորեն և հավատքով առաջնորդվելը բավարար կլինի, և եկեղեցին ու ժողովուրդը խորամտությամբ կկարողանան պատրիարքի ընտրություններում հաջողության հասնել:

«Երբ ստանձնեցի տեղապահի պարտականությունները, առերեսվեցի ապշեցուցիչ իրողությունների հետ: Դրանցից ամենակարևոր բացահայտումն այն էր, որ ընտրական գործընթացն առաջին իսկ օրից չէր կարող ընթանալ թափանցիկ, ազնիվ և արդար ընտրական կանոնների համաձայն»,-գրել է արքեպիսկոպոսը՝ ընդգծելով, որ այդ ամենի ցավալի, վիրավորական դրսևորումներն ու օրինակները չի ցանկանում հիշել և հիշեցնել:

Երկրորդ տխուր իրողությունն այն է, որ նախկինի համեմատ ներկայումս Ստամբուլում չափազանց նվազել է ուժեղ կամքի տեր, համայնքի պատմության և արժեքներին քաջատեղյակ հոգևորականների ու աշխարհականների թիվը:

«Այն, ինչ կատարվեց, վերջին մեկ օրվա գործ չէ: Արդյունքը, որի թիրախում կարծես թե ես եմ, իրականում նպատակաուղղված է 85-րդ պատրիարքի ընտրությունները տապալելուն և բավականին երկար ու մշակված արշավի հետևանք է: Տխրեցնող, ցավալի ինտրիգներ են հյուսվել, որոնք անասելի չափերի են հասել»:

Բեքչյանը հայտնել է, որ ստեղծված իրավիճակում որոշել է  կարճ ժամանակով հեռանալ Ստամբուլից, ինչը անում է հակառակ իր ցանկության:

Նա նշել է, որ համայնքի ներսում որևէ պատրվակով նոր ցնցումներ չպետք է թույլ տալ: Այդ իսկ պատճառով իր ներկայությամբ համայնքին և ղեկավարներին ապագա քայլերում չկաշկանդելու համար որոշել է հեռանալ Ստամբուլից:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հավատացյալ says:

    Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հրաժեշտի այսպիսի խոսքը և Ստամբուլից մեկնելը Հայ առաքելական եկեղեցու պարտությունը և ամոթն է: Առավել ևս ցավալի է, որ նա զղջում է տեղապահի պարտականությունները ստանձնելու և տեղի հայ համայնքին օգտակար լինելու համար: Փորձենք սթափ նայել, մարդը իր պատվավոր ու խաղաղ կյանքը թողնելով, համաձայնվում է և գալիս է Թուրքիա, մտնում խարդավանքներով լեցուն մի իրավիճակի մեջ, որտեղ ճարպիկ, պաշտոնամոլ և թուրքահաճո Աթեշյանի թայֆայի դեմ պայքարում մնում է մենակ: Աթեշյանի թիկունքին կանգնում են թուրքական իշխանությունները, իսկ արքեպիսկոպոս Բեկչյանը որևէ ռեալ աջակցություն չի ստանում ոչ մի տեղից: Գարեգին երկրորդ կաթողիկոսը կարծես այս հարցը կարևոր չէր էլ համարում, որ անպատկառ Աթեշյանին մի հատ հրապարակային ամոթանք տար ինտրիգներ ստեղծելու համար: Պատրիարքի ընտրության անցկացմանը թուրքական իշխանությունների կողմից կոպտորեն խոչնդոտելու և իրենց կամակատար Աթեշյանին բացահայտ սատարելու վերաբերյալ` այս մեկ տարվա ընթացքում ոչ մի դատապարտող հայտարարություն չլսեցինք ոչ մեր կաթողիկոսից, ոչ էլ մեր արտաքին գործերի նախարարությունից: Ստացվում է, որ մարդուն բերում են գայլերի մեջ և անպաշտպան են թողնում, որ գայլերը հեշտ ու հանգիստ նրան հոշոտեն: Սրա՞ն էիք սպասում….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728