Ադրբեջանի նախագահի թեկնածու Իլհամ Ալիեւը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարում հայտարարել էր, թե Երեւանն իբր իրենց պատմական հողն է, ու ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողերը։ Ներքին անկիրթ «խոհանոցի» համար ասված այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, իսկ Երեւանում այն ընդունվեց զավեշտով:
«Առավոտը» Կամչատկայի հայ համայնքի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են իրենք արձագանքում այդ հայտարարությանը:
Նա պատասխանեց. «Ադրբեջանի նախագահ Ալիեւը պարզապես հերթական մառազմատիկ մտքերն է արտահայտել: Ընդամենը 100-ամյա պետության ղեկավարը ծիծաղելի հավակնություններ է ներկայացնում տարածքի բնիկների՝ հայերի նկատմամբ, ովքեր անհիշելի ժամանակներից ապրում են Հայկական լեռնաշխարհում»:
Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ Կամչատկայի հայ համայնքը գիտակցում է, որ Ալիեւի հերթական բարբաջանքն ուղղված է իր ներքին լսարանի շովինիստական մղումներին, ուստի չի պատրաստվում տրվել այդ մարդու սադրանքին ու վատթարացնել հարաբերությունները մյուս ազգային փոքրամասնությունների հետ, որոնք հաշտ-համերաշխ ապրում են Կամչատկայի տարածքում տարիներ ի վեր՝ առանց որեւէ կոնֆլիկտի. «Սակայն չենք կարող նաեւ խորհուրդ չտալ, որպեսզի Ալիեւը գոնե փոքր-ինչ պատմություն կարդա, ծանոթանա մարդասիրական գաղափարների հետ: Նա պետք է հասկանա նաեւ, որ շովինիզմը՝ հիվանդ ազգայնամոլությունը եւ այլատյացությունը, վաղուց դատապարտվել է առաջադեմ մարդկության կողմից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ