Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի դիրքորոշումը՝ Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության մասին

Փետրվար 13,2018 18:25

2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է բռնություն։ Մարինա Խաչատրյանը փորձել է Նուբարաշենից բերված կոյուղաջրով տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին, այդպիսով ջանալով բարձրաձայնել տարիներ շարունակ գարշահոտության մեջ ապրող Երևանի բնակիչների խնդիրը։

Համացանցում տարածված տեսանյութում հստակ երևում է, որ ավագանու անդամին կանգնեցրել են, և նրա հանդեպ բռնություն գործադրելու գործողությունը հստակ հրահանգված է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից՝ «Դեմը առեք, դեմը առեք, շուտ-շուտ» կոչով /։

Արդյունքում տղամարդկանց մի ողջ գունդ ֆիզիկական բռնություն է կիրառել ավագանու անդամի նկատմամբ, ինչն ուղղորդվել է նաև կնոջ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության խախտումներով։

Կին քաղաքական գործիչների հանդեպ կիրառվող բռնությունն ու դրա ամենաթողությունը առաջին անգամը չէ, որ դրսևորվում է հայկական քաղաքական ասպարեզում։ Երևանի ավագանու նիստերում կանանց նկատմամբ բռնության դրսևորումները դարձել են պարբերական, ինչը ցուցադրությունն է թե՛քաղաքական համակարգում առկա բռնության մշակույթի, թե՛ կանանց նկատմամբ անհավասարության, շարունակական ստորադասման և խտրականության։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խստորեն դատապարտում է Երևանի ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության փաստը և ընդգծում, որ Հայաստանը թե՛ տեղական, թե՛ միջազգային օրենսդրության համաձայն պարտավորված է ապահովել կանանց  քաղաքական դերակատարումն ու մասնակցությունը։ Նման ուղղորդված բռնի գործողություններն ուղղված են կանանց բացառմանը քաղաքական ասպարեզից ու որոշումների կայացումից և միտված են կանանց հանրային նվաստացմանը։

Ուստի, հորդորում ենք խիստ գնահատականի արժանացնել Երևանի ավագանու կին անդամի հանդեպ կոպիտ բռնության փաստը, ամենայն մանրամասնությամբ քննել, հանդես գալ հրապարակային գնահատականներով և պատժել բռնություն կիրառած անձանց։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «գործողությունը հստակ հրահանգված է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից »

    այո՜, դա շատ յստակ է

    քանզի «դեմը առեք, դեմը առեք, շուտ-շուտ» լեղապատառ կանչը, յստակօրէն, նշանակում է ՝ ապտակեցէ՛ք

    մինչ մէկը մօտենում է իրեն, hazmat suitի պէս բան մը հագուած, ձեռքին ինչ-որ թանձր հեղուկ մը… եւ մինչ գոնէ այդ պահուն, ոչ ոք կարող էր վստահ լինել թէ նա այդ կասկածելի հեղուկը պիտի չշպրտէ Քաղաքապետի երեսին

    իսկ այն ինչ կը վերաբերի «կնոջ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության» աղիողորմ հանկերգին, եկէք լաւ հասկնանք՝ եթէ նոյն պարագային ծեծողները մի տղամարդ ծեծէին, ձեզի համար խնդիր չէր լինելու, հա՞. կամ ել, միայն երրորդ ապտակից յետո՞յ կարող էք, թերեւս, սկսիլ մտածել առարկելու մասին…

    շատ լաւ, այդ ալ պարզ է ուրեմն

    բարի շարունակութիւն

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728