2018 թվականի փետրվարի 1 Երևանի ավագանու նիստի ժամանակ Հանրապետական խմբակցությունների ներկայացուցիչների կողմից բռնի ուժ է կիրառվել «Երկիր Ծիրանի» ներկայացուցչի նկատմամբ:
«Երկիր Ծիրանի»-ի անդամները դահլիճ են բերել Նուբարաշեն թաղամասում շաբաթներ շարունակ փողոց արտահոսող և թաղամասում գարշահոտություն տարածող կոյուղաջրով լի շիշը ու փորձել այն հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Հանրապետական խմբակցության ավագանու անդամների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև հրմշտոց է սկսվել։ Հանրապետականները նիստերի դահլիճից բռնությամբ դուրս են հանել ընդդիմադիր խմբակցության անդամներին։
«Ազատություն» լրատվամիջոցի կողմից հրապարակված տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է Հանրապետականի ավագանու անդամը երկու անգամ ապտակում «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին և քաշում վերջինիս մազերը ։
Բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին։
Հիշեցնենք, որ ծեծը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ինչպես նաև պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով լրագրողի մասնագիտական օրինական գործողությունները խոչընդոտելը:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բռնի գործողությունները, ինչպես նաև լրագրողների աշխատանքի խոչընդոտում։
«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը իրականացնել անաչառ և թափանցիկ քննություն և քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած ավագանու անդամներին:
Կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել իրավական և հոգեբանական աջակցություն Մարինա Խաչատրյանին։