Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քշիշտոֆ Պենդերեցկի. «Միշտ սիրով եմ գալիս Հայաստան»

Փետրվար 13,2018 15:55

Փետրվարի 13-17-ը Հայաստանում կանցկացվի մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված փառատոն, որը նվիրված է երաժշտի ծննդյան 85-ամյակին: Պենդերեցկուն նվիրված հոբելյանական միջոցառումների սկիզբը տրվում է Հայաստանում եւ Պենդերեցկին էլ իր ներկայությամբ պատվում է փառատոնը։

Փետրվարի 13-ին Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում կայացավ Քշիշտոֆ Պենդերեցկու ասուլիսը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ յուրաքանչյուրիս համար տոն է եւ պատիվ է գտնվել մեծագույն կոմպոզիտորի կողքին: Նախարարը նշեց, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Նախարարը մեջբերեց Պենդերցկու հարցազրույցներից մի հատված, որտեղ երաժիշտն ասել էր, որ իր ստեղծագործության վրա լրջագույն ազդեցություն են ունեցել Բախը եւ Կոմիտասը: Արմեն Ամիրյանը նշեց, որ մաեստրոյին ոչ թե պատվում ենք նրա հայկական արմատների, այլ համաշխարհային մեծության համար:

Արմեն Ամիրյանը հավելեց, որ փառատոնային համերգները 4-ն են, որոշ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ կկատարվեն առաջին անգամ: Ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), ինչպես նաև՝ արտասահմանից ժամանած անվանի մենակատարներ։

Քշիշտոֆ Պենդերեցկին ասաց, որ քանիցս եղել է Հայաստանում եւ ամեն անգամ մեծ սիրով է գալիս Հայաստան: Նա նորից հիշեց իր հայկական արմատներով տատին, որը Սպահանից էր: Երաժիշտը խոսեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով սաղմոսի տեքստով երգչախմբի համար գրված ստեղծագործության մասին:

Հավելենք, որ փառատոնի բացման համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Պենդերեցկու Ջութակի թիվ 2 կոնցերտը՝ «Մետամորֆոզներ» (մենակատար՝ Մարթա Կովալչեկ, ջութակ), ինչպես նաև ՝ թիվ 5 սիմֆոնիան՝ «Կորեական»։

Ի դեպ, Երաժիշտը եւ նրա տիկինը շրջայց կատարեցին Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետեւ Քշիշտոֆ Պենդերեցկին ու երաժշտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը ծառ տնկեցին կրթօջախի այգում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728