Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սրանց հախից ղարաբաղցիներն են գալու». Արամ Մանուկյան

Փետրվար 13,2018 15:22

Սերժ Սարգսյանն ասում է, որ երկրի առաջին դեմքը վարչապետն է, Սահմանադրությունն ասում է, որ երկրի գլուխը նախագահն է, այդտեղից էլ սկսվում է հակասությունը: Այսօր «Հոդված 3» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Ըստ նրա նոր Սահմանադրութունը ականների դաշտ է, դեռ չի երեւում, թե որ իրավիճակում ինչպես ենք շարժվելու:

Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքի համաձայն, խորհուրդը պաշտպանության քաղաքականության հետ կապված հարցեր է քննարկելու ու անկախ նրանից, որ պաշտպանության նախարարը կարող է դեմ լինել որոշմանը, որոշումը կարող է ընդունվել 7 կողմ ձայնով: Այս առնչությամբ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց. «Ավելի աբսուրդ բան ասեմ՝ ասենք թե այդ 7-ը որոշում են, որ Մեղրին տալիս են, իրենց իրավասությունների մեջ է, ՊՆ նախարարը խելոք պիտի զորքերը հանի: Աբսուրդ է ուղղակի, կան բաներ, որ հետո են պայթելու… Ղարաբաղը ինքնիշխան է, ո՞նց եք քննարկում տարածքային ամբողջականության հարցեր, Անվտանգության խորհուրդն է, որոշեց՝ Ղարաբաղը Լիսկային ենք տալիս… Խնդիրը ո՞նց էր դրած Հրայր Թովմասյանի խմբի առաջ՝ շատ արագ պետք է Սահմանադրությունը հասներ պառլամենտ, որովհետեւ վերջնաժամկետ էր դրված, իրենք այնքան կիքսեր են արել, իրենք էլ են խոստովանում, որ կան: Գերագույն գլխավոր հրամանատարի թասակը, որ պիտի մեկ նրա գլխին լինի, մեկ՝ նրա, դա պատուհաս է դառնալու մեր երկրի գլխին, Աստված չանի, հասնենք այդ կրիզիսին»:

Արամ Մանուկյանն էլ ասաց, որ այն բեսպրեդելը, որ Սերժ Սարգսյանն իրականացնում է, դրանում մեղավոր է ՀՀԿ-ն: Արմեն Սարգսյանը սյուրպրիզ էր ՀՀԿ-ի համար, ՀՀԿ-ն չգիտեր նրա մասին, հիմա  խանդով է վերաբերվում, քանի որ այդ թեկնածուի տերը չէ, առաջադրողը չէ. «Սերժ Սարգսյանը փակ, գաղտնի քվեարկությամբ 0 դեմ ստացավ: Ժողովուրդ ջան, չի կարող փակ գաղտնի քվեարկությամբ ինչ նիստ էլ լինի, 160 հոգու քվեարկությունից 0 դեմ ստանա: Սա նշանակում է, որ ոչ թե քվեարկվողը, այլ քվեարկողները այն չեն: Սրանց հախից գալու են ղարաբաղցիները, ասեմ ձեզ»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ ասաց, որ «ՀՀԿ-ն ավելի կոշտ է, քան Կոմկուսը, կոմկուսի չափ էլ սրանք չկան»: Ըստ Սաքունցի` Անվտանգության խորհրդի մասին օրենքում մի տող չկա, որ Անվտանգության խորհրդի որոշումները հաստատում է ԱԺ-ն՝ պառլամենտական երկրում: Սա կորցնում է ինստիտուտների դերը, հեղինակազրկում է: Նա անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ որեւէ պաշտոնի չի հավակնում, բայց կարծես թե գնում է վարչապետի պաշտոնի: Սաքունցն ասաց, որ ինչպես ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ ազգովի խնդրեն, հիմա Սերժ Սարգսյանը ազգ բառն էլ է վերացրել, ասում է՝ ՀՀԿ-ն որ խնդրի, տեսնեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728