Հարկային օրենսգրքի նորամուծություններից մեկը՝ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների հիմնական ընթացակարգերը առանձնացվել են մյուս ստուգող մարմինների հսկողական ընթացակարգերից, իսկ այս ընթացակարգերն էլ հնարավորինս մանրամասնեցվել են, սահմանվել են հարկային հսկողության հարակից ընթացակարգերը: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը, որը ներկայացրեց Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային ստուգումների եւ վարչարարության բարեփոխումները:
Համբարձումյանի խոսքերով՝ նախկինում, օրինակ՝ ստուգումների ժամանակ տարածքներ կամ շինություններ մուտք գործելը, իրեր, փորձանմուշներ եւ փաստաթղթեր վերցնելը, զննումը, փորձաքննության ուղարկելը, մասնագետի եւ թարգմանչի ներգրավումը, կապարակնքումը հստակ սահմանված չէին, իսկ հիմա սրանք հարկային օրենսգրքով կանոնակարգվում են: Ըստ փոփոխությունների, նախկինում մանրամասն չէին սահմանվել ստուգողների եւ ստուգվողների իրավունքներն ու պարտականությունները:
«Հիմա սահմանվել են, որ ասենք՝ չափագրումների ժամանակ, երբ մտնում են հարկ վճարողի օբյեկտ՝ ստուգելու, հիմա պարտադիր պետք է ցանկ ներկայացնեն: Նախկինում ասենք մտնում էին պահեստ ստուգելու, նաեւ աշխատավարձի հաշվարկ էին պահանջում կամ բանկային ինչ-որ փաստաթուղթ, հիմա փաստաթղթերի ցանկ է սահմանվել»,-ասաց Համբարձումյանը :
Նոր օրենսգրքով պարտադիր պետք է ներկայացվի հետաքննության մարմնի կամ քննիչի ստուգում նշանակելու մասին պատճառաբանված որոշման պատճենը, ստուգման հանձնարարագրի հետ միասին ստուգողի կողմից պետք է տրամադրվի: Ըստ բանախոսի, վերացել է կրկնակի ստուգումը, հանդիպակաց ստուգումը վերածվել է ուսումնասիրության տեսակի, որի համար պատասխանատվություն չի կիրառվում: Բայց եթե ուսումնասիրության ժամանակ բացահայտվեց խախտում, ապա դա հիմք է, որպեսզի ստուգում նշանակվի:
Պարոն Համբարձումյանը նաեւ տեղեկացրեց, որ հարկային բարեփոխումներով վաղեմության ժամկետներն արդեն տարածվում են բոլոր տիպի հարկերի եւ վճարների, այդ թվում՝ բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի վրա: Նախկինում կասեցման հիմքերը հրամանում չէին նշվում, այժմ սա պարտադիր է: Բացի այս, նախկինում երբ արտերկիր հարցում էին անում, ժամկետ չկար, եւ այդ գործընթացը կարող էր 2-3 տարի տեւեր ու հարկ վճարողի մոտ ստուգումը այդ ընթացքում չէր ավարտվում, այժմ սահմանափակում է դրվել՝ 180 օր:
Մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանվել է՝ ստուգման ժամանակահատվածում հաշվետվությունների ճշտման թույլտվություն: «Նախկինում այս հնարավորությունը չկար: Սա կոռուպցիոն ռիսկ էր առաջացնում եւ ստուգողն ու ստուգվողը կարող էին հետաքրքիր փոխհամաձայնության գալ»,-ասաց Համբարձումյանը:
Համբարձումյանի խոսքերով՝ « Նախկինում ստուգման ժամանակ եթե հայտնաբերվում էր, որ հարկ վճարողն այդ ընթացքում որոշակի գումար ցույց չի տվել, տուգանվում էր: Հիմա եթե այդ գումարը հարկատուն նախորդ ժամանակաշրջանում է ցույց տվել՝ չի տուգանվի, եթե հետո է ցույց տալիս՝ տուգանքը կիսով չափ է»:
Ըստ բանախոսի, վերստուգումների ժամանակ երբ հայտնաբերվում էր, որ 10 տարի առաջ հարկ վճարողը խախտում է արել, այդ խախտումը վերահաշվարկ էր արվում, իսկ այժմ վաղեմության ժամկետ է գործում վերստուգումների ժամանակ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ