Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահակներով մարդիկ կային՝ ժողովրդի մեջից դուրս եկան, մտան ոստիկանների մեջքի հետեւը». վկա

Փետրվար 13,2018 13:37

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց Տիգրան Մկրտչյանը:  Տիգրանը 16 տարեկան է, ուստի դատարան էր ներկայացել ծնողի հետ:

Հուլիսի 29-ի դեպքերի առնչությամբ նա դատավոր Վարդան Գրիգորյանին տեղեկացրեց, որ այդ օրը տատիկի տանից Սարի թաղով տուն գնալիս է եղել, երբ Սարի թաղում տեսել է հավաքված ցուցարարներին. «Հետները քայլեցի… Ասի տեսնեմ՝ ի՞նչ է կատարվում: Մեկը գոռում էր, մեկը քայլում էր, տենց էլի… հետո բախումները սկսվեցին»: Թե ինչու տեղի ունեցան բախումները, վկան դժվարացավ պատասխանել, բայց նշեց. «Ոստիկանները սկսեցին ժողովրդին կպնել: Նռնակներ նետվեցին: Ես փախա-մտա Սարի թաղի անծանոթ տներից մեկը: Ոտքս երկու տեղից կտորներ էին մտել: Շտապօգնությունն ինձ տարավ»:

Տիգրանը ցուցարարների կողմից ոստիկաններին ուղղված հայհոյանքներ չի լսել, նաեւ չի նկատել, որ քարեր նետեն. «Մահակներով մարդիկ կային՝ ժողովրդի մեջից դուրս եկան, չգիտեմ ովքեր էին, բայց մտան ոստիկանների մեջքի հետեւը»:

Դատավորը հետաքրքրվեց, թե վկան ինչ գործողություններ է կատարել այդ ժամանակ: Տիգրան Մկրտչյանը պատասխանեց, որ ոչ մի բան չի արել, միայն փորձել է փախչել: «Դուք ձեր էությամբ ոստիկաններին սիրո՞ւմ եք»,-հարցրեց դատավորը: «Դե նորմալ, էլի»,-պատասխանեց վկան՝ ասելով, որ իրավապահների հանդեպ ընդգծված բացասական վերաբերմունք չունի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728