Երեւանի ավագանու նիստին այսօր տեղի ունեցած միջադեպից հետո, երբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները Նուբարաշենի կոյուղաջրերից վերցրած նմուշներ էին բերել նիստի, ինչի արդյունքում ծեծկռտուք եղավ ավագանու ՀՀԿ եւ ԵԾ անդամների միջեւ, Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստը շարունակվեց:
Փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց, որ ոմանց ցնորամիտ պահվածքի պատճառով մտադիր չեն ավագանու նիստն ընդհատել եւ սառնասրտորեն այն շարունակելու են: Տարոն Մարգարյանն էլ ասաց, որ այսուհետ Երեւանի քաղաքապետարանի մուտքը եւ անվտանգությունը խստացվելու է, որպեսզի վտանգավոր իրեր եւ առարկաներ չկարողանան ներս մտցնել:
Այս պահին ավագանու նիստը մեկ ժամով ընդմիջվել է եւ կսկսվի ժամը 14-ին: Նիստերի դահլիճում մեծ թվով ոստիկաններ են եւ կարծես թե քննչական գործողություններ են ընթանում:
Նշենք, որ միջադեպից հետո ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել է եւ նա տեղափոխվել է սրտաբանական հիվանդանոց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ