Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնաճը չի կարող լինել 0, եթե նույնիսկ 0 ենք պահում, նշանակում է՝ տուգանում ենք տնտեսական աճը». «168 ժամ»

Փետրվար 13,2018 12:35

Հարցազրույց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ

– Պարոն Արամյան, փետրվարի 16-ին  Ազգային  ժողովի  արտահերթ նիստ է հրավիրված, օրակարգում գնաճի ու հարկային նախկին դրույքաչափերին վերադառնալու թեմաներն են։ Որպես քաղաքականություն մշակող կառույց՝ Ֆինանսների նախարարությունը հնարավոր համարո՞ւմ է՝ վերադառնալ նախկին դրույքաչափերին։

– Ներկա պահին ես դա հնարավոր չեմ համարում, որովհետև նախքան Հարկային օրենսգիրքը կյանքի կոչելը մենք կատարել ենք բավականին լայնածավալ աշխատանք, այդ թվում նաև գնահատելով իր գնաճային ազդեցությունը։ Մի քանի անգամ հնչեցրել ենք, որ ակցիզային հարկերի դրույքի բարձրացման առումով գնաճի վրա ազդեցությունը գնահատում ենք 0.5 տոկոսային կետ։ Ընդ որում՝ մենք ունենք բավականին  համեստ գնաճային ֆոն, բայց եթե վերցնում եք 1-2 ապրանքային շուկա, կարող է գնաճը բարձր լինել։

– Վերցնենք  առաջին  անհրաժեշտության ապրանքները, օրինակ՝ կարագ, միս։

– Իսկ ժամանակին եղել է, որ նույն ձևով ասել ենք, որ հացամթերքը, կոմունալ ոլորտին վերաբերող ծառայությունները (գազ, լույս, ջուր) նույնպես  առաջին  անհրաժեշտության ապրանք են։ Այստեղ վիճելու թեմա կա։ Երբ 1-2 ապրանքատեսակ ենք վերցնում և դրա վրա դատողություն անում ընդհանուր գնաճային ֆոնի մասին, դա ճիշտ չէ։ Այո, երբ գնաճը բարձրանում է, չեք կարող գտնել մի սպառող, որը հիացած լինի գների բարձրացումից։ Ես՝ որպես սպառող, երբ տեսնում եմ պերմանենտ սպառվող մի ապրանք նույնիսկ ընդամենը 10-20 դրամ է թանկացել, ինձ մոտ դիսկոմֆորտ է առաջանում։ Եվ դա բոլորի մոտ է ամբողջ աշխարհում։ Բայց հիմա արդյոք կառավարությունը պե՞տք է այդպիսի քայլ անի ու ասի՝ գնաճը պետք է լինի 0%։ Դա խիստ վտանգավոր է, գնաճը չի կարող լինել 0, եթե նույնիսկ 0 ենք պահում, նշանակում է՝ տուգանում ենք տնտեսական աճը։ Պատահական և

ինքնանպատակ չէ, որ Կենտրոնական  բանկը  թիրախ  է  վերցրել 4+-1.5%-ը, որպեսզի հանկարծ չստեղծի անկայունություն և տնտեսական երկարաժամկետ աճին չվնասի։ Հակառակ դեպքում կարող էր թիրախավորել 10% կամ 0%։ Աշխարհում չեք գտնի որևէ Կենտրոնական բանկ, որ թիրախավորի 3% կամ 4 %: Եվ ինչո՞ւ որևէ երկրում չի թիրախավորվում առաջին անհրաժեշտության ապրանքների գների մակարդակը։ Դրա համար կան շուկայական գործիքներ։ Ի՞նչ պետք է անել. առաջինը՝ շուկայավարման կանոնները, մուտքի խոչընդոտները, արդար գնագոյացումը միշտ պետք է լինեն դիտակետում։ Եթե կան առաջարկից եկող գործոններ, որոնք տնտեսվարողի վրա անխուսափելի բեռ են առաջացնում, և նա ճշգրտում է իր վարքագիծը, դրան հակազդելը պահանջարկի գործոններով խիստ վտանգավոր է, դա տնտեսական աճը տուգանել է։ Դրա համար ավելի ճիշտ է՝ խոսել սոցիալապես անապահովների մասին, և ոչ թե՝ ամբողջ բնակչության։ Սոցիալական խնդիրները եղել և մնում են մեր դիտակետում։ Լուծման եղանակը պարզ է՝ թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում։

– Եվ քանի որ Ձեր նշած թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացումը չկա, սոցիալական անարդարության զգացումն ավելի է ուժեղացել հանրության մոտ։

– Բայց արդյո՞ք այդ դեպքում, երբ մենք ունեինք դեֆլյացիա, պետք է ասեինք՝ դե, բերեք, գումարները հետ տվեք։ Դրա համար սովորաբար զարգացող երկրները չեն նայում ինդեքսացիային, այլ նայում են աղքատության գիծ և նայում են այն գործիքակազմը, որ իրենք ունեն սոցիալապես անապահովներին թիրախավորելու համար։ Մենք գնալու ենք սրան, ընդ որում՝ 2 ուղիով՝ հասցեականության բարձրացման, այսինքն՝ բարեփոխում անելով, որպեսզի եղած ռեսուրսները սխալմամբ չստանան ոչ անապահովները, այլ իդենտիֆիկացնել, այդ գումարները կուտակել և ուղղել իրավամբ թոշակառուին, իրավամբ սոցիալապես անապահովին, իրավամբ հաշմանդամություն ունեցողին։ Սա է ճիշտ քաղաքականությունը, որով մենք պետք է գնանք առաջ։ Հակառակ դեպքում մենք խնդիր ենք ունենալու։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728