Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Մինչ այդ, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը կարճատև հանդիպում են ունեցել, որի ժամանակ ամփոփել են այցի արդյունքները:
«Հարգելի՛ պարոն նախագահ, տիկի՛ն Ռադևա,
Մեկ անգամ ևս ուզում եմ ուրախությունս հայտնել Ձեր այցի կապակցությամբ և գոհունակությամբ արձանագրել, որ Ձեր այցը շատ դրական արձագանք ունի մեր հասարակության մեջ: Եվ սա այն դեպքերից է, երբ հաճելին համատեղվում է օգտակարի հետ. մենք մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, մյուս կողմից՝ մեր հասարակության արձագանքը, իրոք, խոսում է այն մասին, որ Բուլղարիան և բուլղարացիները մեր ժողովրդի հարգանքն են վայելում: Վստահ եմ, որ երեկ Երևանում ունեցած Ձեր հանդիպումների ժամանակ ևս Դուք տեսել եք այդ վերաբերմունքը, և հուսով եմ, որ արդյունավետ հանդիպումներ են եղել»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Բուլղարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին հրավերի և բացառիկ ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ երեկ Երևանում, իսկապես, իրենց զգացել են ինչպես տանը:
«Նույնը կարող եմ ասել նաև Բուլղարիայի կողմից ձեր երկրի և ժողովրդի հանդեպ վերաբերմունքի մասին: Շատ ուրախ եմ, որ կարողացանք ակտիվացնել մեր հարաբերությունները և նոր լիցք հաղորդել դրանց: Շատ կարևոր է լավ մթնոլորտ ստեղծել քաղաքական դաշտում: Ես վստահ կարող եմ ասել, որ երեկ ավելի հաստատակամ դարձա իմ այն զգացողության մեջ, որ մեր ազգերի միջև հարաբերությունները, իրոք, շատ ջերմ են: Հատկապես ուզում եմ նշել Պեյո Յավորովի անվան դպրոցի մասին, որտեղ բավականին ջերմ ընդունելության արժանացանք: Անչափ ուրախ եմ, որ գործարար միջավայրն ավելի կակտիվացնի իր գործունեությունը: Կունենանք ևս երկու հուշագիր, ինչը համագործակցության զարգացման համար մեծ խթան կլինի: Ես մեծ հույսեր եմ կապում հունիսին Բուրգասում կայանալիք գործարար համաժողովի հետ»,- ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը: