Լրահոս
Օրվա լրահոսը

Հետապրիլյան փակուղին շարունակվելու է անորոշ ժամկետով. «168 ժամ»

Փետրվար 13,2018 12:08

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավարտելով այցը տարածաշրջան՝ հանդես եկան հայտարարությամբ։ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շեֆերը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ միասին, փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

«168 ժամի» հետ զրույցում գերմանացի կովկասագետ Ուվե Հալբախն ասաց, որ համանախագահների տարածած հաղորդագրությունը բավականին հեշտ «ընթեռնելի» է։ Ըստ նրա՝ այն ամբողջությամբ արտահայտում է ներկայումս կողմերում տիրող տրամադրությունները, քաղաքական իրավիճակը, դրությունը շփման գծում, բանակցությունների հրամայականը։ «Ես կարծում եմ, որ որոշ դրական նոտա կա այս հաղորդագրությունում, քանի որ համանախագահները խոսում են զոհի մասին, իրավիճակի մասին շփման գծում, սպառնալիք պարունակող հայտարարությունները դադարեցնելու մասին և ընտրական շրջանի մասին։ Իհարկե, հայտարարությունը հասցեական չէր, որը շատերը քննադատում են, իսկ շատերն էլ ռացիոնալ բանակցային գործընթաց են որակում, այնուամենայնիվ, ես այս մոտեցումը դրական եմ գնահատում, քանի որ նույնիսկ այսպես հասցեատերերն ուղերձի ուղղությունը կընկալեն, այլ հարց է, որ այն հաշվի չի առնվի, ինչպես մյուս բոլոր հորդորները, որոնք անում են համանախագահները։ Այստեղ կարևոր եմ համարում նաև այն հանգամանքը, որ համանախագահները նշում են ընտրական գործընթացի մասին, ակնհայտորեն Ադրբեջանի հայտարարած նորությունը լիովին փոխեց համանախագահների տարածաշրջանային այցի բովանդակությունը, այն կախեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը, որը պետք է հենց այս այցի ընթացքում հստակեցվեր, ստեղծվեց մի իրավիճակ, որին Մինսկի խումբը ստիպված եղավ արձագանքել, դա շփման գծում լարվածությունն էր, Ալիևի ռազմատենչ հայտարարությունները և ընտրությունների մասին տեղեկությունը։ Մինչ ընտրական գործընթացների ավարտը համանախագահները որևէ հաջողություն բանակցություններում չեն ակնկալում, և դա ճիշտ մոտեցում է, որովհետև նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց Ադրբեջանն արդեն Ժնևի պայմանավորվածություններից հրաժարվելու պատճառ ունեցավ»,- նման տեսակետ հայտնեց գերմանացի կովկասագետը:

Ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ Ղարաբաղյան շրջապտույտը շարունակվում է։ «Այլևս դժվար է ինչ-որ բան մեկնաբանել, քանի որ ոչինչ չի կատարվում, ամենավտանգավորը, փաստորեն, հենց դա է։ Երբ կա հակամարտություն, չլուծված խնդիրներ, և ոչինչ չի կատարվում այդ ամենի շուրջ, այն պայթում է։ Պետք է հասկանալ նաև դիվանագետներին, երկար հանդիպումներից հետո ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որից հետո կողմերից մեկը որոշում է արմատապես փոխել իր դիրքորոշումը, սկսում է այլ շեշտադրումներ անել, ինչպես Երևանը գրավելն է, ինչպես անակնկալ ընտրություններն են, դժվար է այս իրավիճակում անընդհատ արդյունք արձանագրել, դա գրեթե անհնար է:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅՍՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728