Երևանի քաղաքապետարանը հինգերորդ տարին անընդմեջ թողարկել է Երևան քաղաքի տարեկան բյուջեի ամփոփ ցուցանիշների տեղեկագիրը, որը հնարավորին հանրամատչելի ձևաչափով ներկայացնում է մայրաքաղաքի տարեկան եկամուտների, դրանց աղբյուրների, ինչպես նաև ծախսերի մասին տեղեկատվություն։ Միաժամանակ գրքույկում առկա է մայրաքաղաքում իրականացվող շարունակական և նոր ծրագրերի մասին տեղեկատվություն` դրանց ոլորտային, ինչպես նաև վարչական շրջանների միջև ծախսային բաշխվածության համամասնություններով:
Բյուջեի տեղեկագիրը ներառում է նաև Երևան քաղաքի զարգացման 2018 թվականի ծրագրով նախատեսված գերակայությունների և առաջնահերթությունների մասին ամփոփ տեղեկատվություն։ Հաշվի առնելով, որ 2018-ը նաև Երևանի զարգացման հնգամյա ծրագրի մեկնակետն է, ընթացիկ տարվա համար Երևանի բյուջեով նախանշված ծրագրերը միտված են լինելու ապահովել բնակչության կենսական շահերի պահպանման առաջնահերթությունները, մայրաքաղաքի տարածքային համաչափ և կայուն զարգացման, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականությունը, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումն ու բարեփոխումները։
Գրքույկի օրինակները տեղադրված են և բաժանվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակներում:
Ի դեպ նշենք, որ բյուջետային ծախսերի մասին ամբողջական և ամենօրյա թարմացման ռեժիմով տեղեկատվությունը հասանելի է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Ինտերակտիվ բյուջե» հավելվածում:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն