«Աչք ունես`տես, ուղեղ ունես հասկացիր, հոգի ունես`գնահատիր»,- սովորաբար այսպիսի պատասխան է տալիս Միքայել Ջիհանյանը (Ջիհան) բոլոր նրանց, ովքեր հարցեր են տալիս իրեն`իր ստեղծագործությունների մասին:
Միքայել Ջիհանյանին (Ջիհան) Հայաստանում չեն ճանաչում կամ գրեթե չեն ճանաչում: Վերջերս Նկարիչների միության ցուցասրահում ցուցադրվեցին ամերիկաբնակ նկարչի նկարները:
«Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսում ցուցադրվեցին 106 յուղաներկ և 177 գծանկար աշխատանքներ: Դրանք նկարչի ստեղծագործությունների մի մասն են միայն: Ջիհանի նկարներում սյուռեալիզմի յուրահատուկ դրսեւորում կա: Նկարչի ընտանիքի բարեկամ Դայանա Մոսկովյանն Aravot.am-ի հետ պատմում է`երբ Ջիհանին խնդրում են մեկնաբանել իր որեւէ ստեղծագործություն, ասում է. «Հարյուր հատոր գիրք եմ տվել, որ կարդաք. կարդացեք»:
Ջիհանն իր ստեղծագործությունները նվիրել է «Լեդի Դայանա» հիմնադրամին: Հիմնադրամի նախագահ, իր բարեկամ Դայանա Մոսկովյանին ասելով. «Աղջիկ, չոջուխներիս փրկե»: Տիկին Դայանան պատմում է`սկզբում չի հասկացել, «Ասացի`չոջուխներդ ինձնից մեծ են, ես ի՞նչ անեմ: Ասաց`խոսքը նկարներիս մասին է: Չեմ ուզեր, որ անոնք իմ մահեն ետքը էստեղ-էնտեղ ընկնեն:
Կուզիմ, որ այս ամենը Հայաստան հասնեն»: Բարդ էր, բայց հրաժարվել չէր կարող: Ավագ ընկերոջ ցանկությունն իր համար կարեւոր է: Երկու տարի հետո Դայանա Մոսկովյանին հաջողվում է իրականացնել Ջիհանի երազանքը: Հիմա, ասում է, ամեն կերպ պետք է ջանա, որ նկարչին Հայաստան բերի: Դա էլ Ջիհանր ցանկություն է: Արդեն բոլորել է իր 85 ամյակը, մի քիչ էլ վատառողջ է, բայց պետք է ջանա ու բերի: «Ես հպարտ եմ, որ այսպիսի հայ կա»,- ասում է տիկին Դայանան:
Մանրամասները`տեսանյութում
«Միքայելն անչափ բարի, անմիջական, մի փոքր խենթ մարդ է: Իր նկարներում ամենուր պայծառ ապագան է: Ասում է`իմ նկարներում ես հաղթել եմ չարին, պատռել եմ նրա դիմակը: Իրեն ոչինչ պետք չէ: Ասում է`ազգս ունի Մինաս, Այվազովսկի, թող իմանան, որ ես էլ կամ»,-պատմում է տիկին Դայանան: Տիկին Դայանան այժմ աշխատում է Հայաստանում նկարչի պատկերասրահի բացել, որտեղ նրա նկարները մշտապես կցուցադրվեն:
Միքայել Ջիհանյանը (Ջիհան) ծնվել է Կահիրեում: Որոշ ժամանակ ապրել է Հայաստանում, այնուհետեւ երկար տարիներ ապրել Ֆրանսիայում, Այժմ ապրում ԱՄՆ-ում: Իր կյանքի վերջի տասը տարիների ընթացքում գրեթե չի ստեղծագործել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ