Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 դպրոց:
Բուլղարիայի նախագահը նախ ծանոթացել է դպրոցում գործող բուլղարացի բանաստեղծ, գրող, լրագրող և հրապարակախոս Պեյո Յավորովի անունը կրող թանգարանի ցուցանմուշներին, այնուհետ ներկա է գտնվել ինտերակտիվ ուսուցման դասասենյակի բացման արարողությանը:
Հարկ է նշել, որ հիմնանորոգված, կահավորված և նորագույն տեխնիկայով համալրված ինտերակտիվ ուսուցման դասասենյակը ստեղծվել է Բուլղարիայի Հանրապետության աջակցությամբ: Կարևորելով նման դասասենյակի առկայությունը՝ պատասխանատուները նշել են, որ այն հնարավորություն կընձեռի կրթօջախի սաների համար ձևավորելու ժամանակակից կրթական միջավայր: Այցի ավարտին Ռումեն Ռադևը գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Երևանի քաղաքապետարան