Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազան Բեկչյանը Պոլսո աթոռի ղեկավարն է, նա բոլոր օրենքներով պահում է այդ աթոռը». թուրքագետ

Փետրվար 12,2018 18:55

«Արամ Աթեշյանն ընդհանրապես չի կարող փոխանորդ լինել. նրան պատրիարքը չի ընտրել, այլ պետությունն է նշանակել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը:

Նրա կարծիքով, Պոլսո աթոռի իրական ղեկավարը Գարեգին Բեկչյան սրբազանն է, որն ընտրվել է հայաստանյան եկեղեցու բոլոր կանոններով.

«Այսօր էլ ինքը Պոլսո աթոռի ղեկավարն է, որպես տեղապահ, նա բոլոր օրենքներով պահում է այդ աթոռը»:

Բանախոսի պնդմամբ, ոչ մի արտահերթ ժողով տեղի չի ունեցել, պարզապես մի շարք կրոնական գործիչներ հավաքվել են նախաճաշի սեղանի շուրջ ու որոշում կայացրել. «Անուն էլ, քանակ էլ չի նշվում, ըստ իմ տեղեկությունների՝ քվորում էլ չի կայացել: Բեկչյան սրբազանն էլ չի մասնակցել, այնպես չէ, որ սրբազանը հրաժարվել է, նա գրավոր դիմում չի տվել, որ հրաժարվել է, դա նշանակում է՝ Բեկչյան սրբազանը շարունակում է  իր պաշտոնը, սա պարզապես ապօրինություն է  ըստ հայաստանյան եկեղեցու կանոնների»:

Հարցին՝ ի՞նչ կարող է Մայր Աթոռն անել իրավիճակը շտկելու համար, թուրքագետը պատասխանեց՝ իրականում բարդ իրավիճակ է, քանի որ Պոլսո պատրիարքարանն անկախ է և նույնիսկ  կարող է հայտարարել, որ չի ճանաչում Էջմիածնի կաթողիկոսարանը. «Այլեւս Աթեշյան սրբազանը չափն անցել է, աղաղակող անօրինականություններ են»:

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների՝ Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի ընթացքում որոշվել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728