Ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանի համոզմամբ, Արամ Մանուկյանի արձանի տեղադրման համար անհարմար վայր են ընտրել:
«Բացարձակապես հարմար տեղ չէ, ոտքի տակ է, դրոշը փաթաթելու իրավունք չունեն, այն բաղնիքի խալաթի է վերածվելու, ով է իրավունք տվել՝ ազգի դրոշը փաթաթել մարմնին, որ գնա հասնի գետնին… Եթե պարոն կուսակցականները շատ են ուզում, որ դրոշը լինի, թող թիկնոցի տեսքով գոնե անեն: Ով ասաց՝ դրոշը Արամ Մանուկյանինն է, մերն է՝ ժողովրդինը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ճարտարապետը:
Հասարակական գործիչ Կարինե Հակոբյանն էլ կարծում է՝ պետք է չեղյալ հայտարարել մրցույթի արդյունքները, ըստ նրա՝ կոպիտ խախտումներով է մրցույթը անցել.
«Քանդակագործ Դավիթ Մինասյանը որեւէ կենսագրություն չունի, որով կարող է հպարտանալ: Հանձնաժողովի կազմում մեծամասամբ կուսակցականներ են, մասնավորապես Աղվան Վարդանյանը, որեւէ մեկը կարող է բացատրել՝ ինչո՞ւ»:
Անդրադառնալով Զվարթնոցի եւ Գյումրու օդանավակայանների խնդրին՝ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը կարծիք հայտնեց, որ որոշ մարդիկ անպատիժ եւ անարգելք ձեւով անում են այն, ինչ ուզում են, նույնիսկ հաշվի չեն առնում կառույցի հեղինակի կարծիքը. «Ֆրանսիայում հրատարակված մի ամսագիր կա, որտեղ ամենահայտնի 11 օդանավակայանի՝ Փարիզի, Տեխասի, Աբու Դաբիի, Բեռլինի օդանավակայանների ցանկում տեղ է գտել նաեւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Այս ամենից հետո ոմն տնօրեն իրավունք է վերապահում այնտեղ կատարելու փոփոխություններ եւ շինարարական միջամտություններ»:
Հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանի նախագիծը:
Ըստ այս նախագծի՝ նախատեսվում են օդանավակայանում իրականացնել մի շարք բարելավման փոփոխություններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ