«Սա հայ առաքելական եկեղեցու մոնոպոլացման ապահովման նախագիծ է»,- «Մեդիա կենտրոնում» «Օրենսդրական փոփոխություններ․ կրոնական կազմակերպությունների իրավունքների սահմանափակում, թե՞ ոլորտի բարեփոխում» թեմայով քննարկմանը մտահոգություն հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նա հիշեցրեց, որ դեռ հոկտեմբերին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տրված փորձագիտական եզրակացության մեջ սահմանված էր, որ արդարադատության նախարարության էլեկտրոնային հարթակը լավ հարթակ է քննարկումների համար, բայց միայն դա բավարար չէ:
Ըստ Արթուր Սաքունցի՝ պետք չէ նոր հեծանիվ հորինել, ուղղակի պետք է վերցնել օրենքի նախագիծը և կետ առ կետ ներառել ԺՀՄԻԳ-ի կողմից առաջարկությունները. «Օրինակ՝ հստակ սահմանված է, որ այս օրենքը հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա էլ պիտի տարածվի: Բայց երբ նայում ենք նախագծին, տեսնում ենք, որ մտցված են անհամաչափ սահմանափակումներ: Օրինակ՝ արգելվում է ֆինանսական հոսքերն արտասահմանից, պահանջվում է կրոնական կազմակերպության անդամների հաշվառում, նրանց տվյալների ներկայացում: Կամ կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարող է կասեցվել պետական անվտանգության հիմնավորմամբ, եթե գտնում են, որ այն պետական անվտանգության սպառնալիք է»:
Արթուր Սաքունցը պնդեց՝ եթե օրենքով նախատեսում են կիրառել կազմակերպությունների գործունեության վրա վերահսկողություն, ապա նման պահանջների չառաջադրելը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ խիստ խտրական մոտեցում է. «Սա սահմանափակող օրինագիծ է բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ՝ բավականին կոշտ գործիքներով, որի պարագայում հայ առաքելական եկեղեցին բացարձակապես անվերահսկելի է լինելու: Սա հայ առաքելական եկեղեցու մոնոպոլացման ապահովման նախագիծ է»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ 1991-ին ընդունված օրենքը հնացած էր և դրույթներ կան, որոնք այժմ չեն էլ կիրառվում: Նա օրինակ բերեց. «Գործող օրենքով հայ առաքելական եկեղեցուն տրվում են յոթ մենաշնորհներ: Մեկն էլ բարեգործություն անելն է: Այսինքն՝ մինչև հիմա ՀՀ-ում ով բարեգործություն է, այդ ամենը օրենքից դուրս է: Կամ բարեկրթությունն ու զարգացումը միայն մենաշնորհ էր հայ առաքելական եկեղեցու: Նման ծիծաղելի բաներ կային, որ, ըստ էության, չէին էլ գործում»:
Պարոն Իշխանյանը մտահոգված է՝ քանի գնացին, մեր քաղաքական ուժերը հանկարծ հիշեցին ազգայնական պատմուճանը և սկսեցին դրա մասին խոսել: Նա միտում է տեսնում ՝ ՀՀ-ում խղճի ազատության հետ կապված ինչ-որ իմաստով գնում ենք դեպի միջնադարյան հավատաքննություն: Այս առիթով պարոն Իշխանյանն օրինակ բերեց այն, որ ՀՀ ուժային կառույցների անդամ չի կարող լինել որևէ այլ կրոնական կազմակերպության անդամ կամ բանակում շատ է կատարվում հավատաքննություն. «Զավեշտ է. նույն այս տրամաբանությամբ Մոնթեն, որը ավետարանական եկեղեցու հետևորդ էր, այժմ չէր կարող պաշտոն ունենալ պաշտպանության համակարգում: Բավականին վտանգավոր իրավիճակ է նաև զինված ուժերում. հոգևոր ծառայության համակարգի ներդրման պատճառով մարդիկ մտածում են՝ գնա՞լ այլընտրանքային ծառայության, թե՞ երկրից դուրս գնալ: Սա վտանգավոր միտում է, այս միտումը Հայաստանում գերիշխող դեր է կատարել երկար ժամանակ՝ մինչև 20-րդ դարի սկիզբ, և շատ հավանական է, որ մեր դասական գրողներին, որոնք ժամանակին մտահոգված են եղել այս խնդիրներով, ինչպիսիք են Թումանյանը, Պատկանյանը, Դաշտենցը և այլք, այժմ արգելեն»:
Դառնալով հանրային գործիչների, օրինակ՝ պետական պաշտոնյաների՝ աղանդ, սեկտա, կուլտ բառերի օգտագործմանը՝ պարոն Իշխանյանն ասաց. «Նրանք առնվազն գրագետ չեն, քանի որ այդ բառերը գործածելը նշանակում է խտրական վերաբերմունք և վիրավորանք այդ կրոնական կազմակերպությունների հասցեին: Աղանդ բառն օգտագործելը նույնն է, ինչ ռուսն ասի արմյաշկա: Եթե իրենց դուր է գալիս, որ իրենց ասեն ամրյաշկա, թող իրենք էլ ասենք աղանդ»:
Անդրադառնալով ՀՀԿ-ականների, օրինակ՝ Արմեն Աշոտյանի հայտարարություններին , թե պետք է ծայրահեղական աղանդների գործունեությունը ՀՀ-ում արգելել եւ պահպանել հոգեորսության արգելքը, պարոն Իշխանյանն ասաց. «Կուզեի՝ ՀՀԿ-ականները, այդ թվում նաև Արմեն Աշոտյանը կողմնորոշվեին՝ իրենք ժամանակին առնվազն կոմերիտական են եղել, շատերը նաև՝ կոմունիստներ: Հիշում եմ՝ Գագիկ Մելիքյանը, որ խիստ խոսեց այդ մասին, կոմկուսի ֆունկցիոներ է եղել՝ աթեիստ: Թող կողմնորոշվեն՝ իրենք աթեիստական գաղափարների կրողնե՞րն էին, թե՞ փոշմանեցին դարձան նժդեհական՝ ցեղակրոն, որը մերժում է քրիտոնեությունը, և ՀՀԿ առաջին հիմնադիր անդամները երդում են տվել Գառնու տաճարում»:
Պարոն Իշխանյանը հայտնեց՝ իրենք հետազոտություններ են արել ՀՀ-ում կրոնական կազմակերպությունների շրջանում և հավատացրեց՝ ՀՀ-ում գործող գրանցված կրոնական կազմակերպություններից որևէ մեկն այսպես կոչված տոտալիտար չէ. «Սա մարդկանց վախեցնելու քարոզչական խոսակցություններ են: Զոհաբերություն և ինքնասպանությունների կազմակերպում. այդ ամենը սուտ է: ՀՀ-ում նման կազմակերպություններ չկան»:
Ամփոփելով պարոն Իշխանյանը մտահոգություն հայտնեց՝ այս օրինագծով պետությանը տրվում է հավատաքննիչի դեր. «Արմեն Աշոտյանի ասելով՝ պետությանը պետք է տրվի հավատաքննիչի դեր: Սա աբսուրդ է: Պետությունը պետք է չեզոք լինի»:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի իրավաբան, մարդու իրավունքների փորձագետ Անուշ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախագծի՝ որևէ հանրային քննարկում, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը կլինեին ներկայացված, տեղի չի ունեցել: Անուշ Սարգսյանը նշեց, որ իրենք իրենց ծրագրերի շրջանակներում, իրենց ռեսուրսներով հանրային քննարկումներ են նախաձեռնել: Ըստ իրավաբանի՝ լրամշակված տարբերակը չի հրապարակվել և չի հանրայնացվել, edraft-ում այլ տարբերակ է, մինչդեռ լրամշակված տարբերակն ավելի խնդրահարույց է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի