Տասնհինգ տարի առաջ ընդունված օրենքի համաձայն, քսան տարուց հետո ազատազրկվածները կարող են դիմել ՀՀ նախագահի հրամանով ստեղծված Անկախ հանձնաժողովին վաղաժամկետ պայմանական ազատվելու համար
2003 թվականից առ այսօր 30 ցմահ ազատազրկվածներից որեւէ մեկի դիմումին ընթացք չի տրվել, չնայած քսան տարուց ավելի նրանք գտնվում են անազատության մեջ: Արսեն Արծրունին նրանցից մեկն է: Ցմահ դատապարտյալը քսաներեք տարի անազատության մեջ է: Ինչու է բացասական բնութագիր տվել Անկախ հանձնաժողովը, որի փաստարկներին ծանոթ չէր անգամ այսօր վերաքննիչ քրեական դատարանում բողոքի դեմ հանդես եկեղ երիտասարդ դատախազը:
Առհասարակ, այս հանձնաժողովի անդամի որեւէ առարկության, որեւէ հակափաստարկի տեղյակ չեն դատարանները: Ինչպես հանձնաժողովի, այնպես էլ դատարանների հատուկ կարծիքները դեռ փակ են: Փակ էին երեսունականներին ՆԳԺԿ եռյակների որոշումները նույնպես, միայն տարիներ հետո մարդիկ տեղեկացան, որ երեք հոգով, ինչպես այսօր յոթ հոգով որոշվել, խեղվել են մարդկային ճակատագրեր:
Արսեն Արծրունու փաստաբանը՝ Նարինե Ռշտունին այսօր դատարանում ասաց, թե զրուցել է շատ դատավորների հետ, որոնք ինսունականներին մարդկանց ազատազրկում էին մահապատժի, քանի որ տասնհինգ տարի ազատազրկում-նորմից հետո գալիս էր մահապատիժը, չնայած այսօր կա մինչեւ քսան տարվա ազատազրկում պատժաչափ: Հիմա տեսեք, թե ում է բացասական եզրակացություն տվել Անկախ հանձնաժողովը, մեկի, որի ձեռքերը փաստաբանի տեղեկացմամբ, «արյունոտ չեն»:
Պատժի կրմանը զուգահեռ Արծրունին 2007թ. ընդունվել է Երեւանի «Ուրարտու» համալսարանի ընդհանուր հոգեբանության ֆակուլտետ, որպես մագիստրատուրայի ուսանող: 2010թ. ավարտել է մագիստրատուրան եւ ստացել գերազանցության դիպլոմ, ապա ընդունվել է նույն տարում նույն համալսարանի իրավաբանական հոգեբանություն թեմայով որպես հայցորդ:
2013-2014թթ.. 62 ցմահների հետ անցկացրել է անհատական հարցազրույցներ, ձեռք է բերվել 42.000 տվյալներ: 2015 թվականին հեռակա մասնակցել է Երեւանում տեղի ունեցող միջազգային գիտաժողովի, հրապարակել գիտական հոդված:
Ըստ երիտասարդ դատախազի, պատժին զուգահեռ գիտական հոդված գրելը դեռ դատապարտյալի ուղղվելու մասին չի վկայում: Ու գիտեք ինչու, որովհետեւ Արծրունու մոտ չգիտես որտեղից քսաներեք տարվա մեջ ոչ թե կտրող-ծակող գործիք է հայտնաբերվել , ոչ թե թմրանյութ, այլ՝ հեռախոս:
Որտեղից այդ հեռախոսները, հարցնում են թե պաշտպանները, թե դատախազը: 20162թ. Արսենն ընդունվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, սոցիալական հոգեբանության գծով, ստեղծել է «Նուբարաշենում» դասասենյակ, որտեղ կազմակերպել է անգլերենի դասընթացներ: Կարծես դասընթացները, նման բարեփոխումները պետք է կատարեր «ուղղիչ» հիմնարկը, արդարադատության նախարարությունը: 2005-2008թթ., ցմահներին թույլատրվում էր խցերում համակարգիչ ունենալ: Արսենն այցելել է խցեր, անցկացրել համակարգչային դասընթացներ: Ասացեք խնդրեմ, որ դարում ենք եւ ինչու մեր դատապարտյալները չունեն համակարգիչներ:
Դատախազն առաջին անգամ էր լսում, որ «Նուբարաշենում» ապամոնտաժման աշխատանքներ են արվել Արսենի նախագծով, հարկերի լուսամուտների երկաթյա փեղկերի, 6 խցերի ամբողջական նորոգում, դասասենյակների նորոգում, հարյուրից ավելի գրքերի նվիրում գրադարանին:
Ուրիշ ինչպես պետք է Արսենը աներ, որպեսզի ապացուցեր, որ արժանի է նրա դիմումը դրական եզրակացության: Այլ հարց է, որ ցմահների համար որեւէ մարդասիրական նորմ չի գործում: Նախագահող դատավորն էլ դիմելով դատախազին ասաց, թե իր պրակտիկայում միշտ այս հարցն առաջանում է. անկախ հանձնաժողովը թող չգրի հանձնաժողովի անդամի անունները, բայց գոնե գրի, թե ինչու են տվել բացասական, ինչու է մարդը մինչ օրս վտանգավոր հանրության համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ