Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակիրճ հայ-բուլղարական հարաբերությունների մասին

Փետրվար 12,2018 17:37

Փետրվարի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:

Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, եւ այդ ընթացքում Հայաստանի նախագահները չորս անգամ այցելել են Բուլղարիա:

Առաջին անգամ` 1995 թվականին, Բուլղարիա է այցելել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: 2003 եւ 2004 թվականներին Բուլղարիա է այցելել Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը Բուլղարիա է այցելել իր նախագահության առաջին տարում՝ 2008-ին:

Բուլղարիայի նախագահները, իրենց հերթին, մինչ այս Հայաստան են ժամանել ընդամենը երկու անգամ: 1999 թվականին Բուլղարիայի նախագահ Պետար Ստոյանովն է այցելել Հայաստան, 2004-ին՝ Գեորգի Պրվանովը:

Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ է 2004 թվականից, Եվրամիությանն անդամակցել է 2007-ին: Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ստորագրվել են շուրջ 60 տարբեր բնույթի փաստաթղթեր՝ համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր, հռչակագրեր եւ այլն:

Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի տվյալների, 2011-2014 թթ. ընկած ժամանակահատվածում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն անընդհատ նվազել է: Այսպես, 2011 թվականին Հայաստանից Բուլղարիա է արտահանվել շուրջ 152 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ ներմուծվել՝ 102 միլիոնի: 2012-ին արտահանվել է շուրջ 130 միլիոն դոլարի ապրանք, ներմուծվել՝ 86 միլիոնի: 2014թ. արդեն այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 85 եւ 25 միլիոն:

Հայաստանը Բուլղարիայից ներմուծում է հիմնականում հանքահումքային քիմիա, պատրաստի սննդամթերք, կաուչուկ, ռետինե իրեր եւ այլն: Բուլղարիա է արտահանում հանքահումքային արտադրանք, ոչ թանկարժեք մետաղներ եւ այլն:

Բուլղարիայում, ըստ 2010 թվականի տվյալների, բնակվում է շուրջ 80 հազար հայ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գործում է «Երեւան» թերթը, եւս երկու հայկական պարբերականներ լույս են տեսնում Բուրգաս եւ Պլովդիվ քաղաքներում:

Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ էին հայտնվել Բուլղարիայում հայ գործարարների ունեցած բիզնեսի մասին: Մասնավորապես, ըստ «Հետքի» հետաքննության, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին եւ նրա մերձավորներին է պատկանում Բուլղարիայում հայտնի «Գոռնա Բանյա» շշալցնող գործարանը: Ծառուկյանների հետ առնչություն ունեն նաեւ Բուլղարիայի առողջապահական ոլորտում գործող «Լիբամեդ» ընկերությունը եւ ալկոհոլային խմիչքների մատակարարող «Լուդինգ» ընկերությունը:

Բուլղարիայի հետ կապված ակտիվ քննարկումներ Հայաստանում ծավալվում էին նաև անցած տարվա ամռանը, երբ հայտնի դարձավ, որ բուլղարացի հաքերներն ու մամուլը բացահայտել են ադրբեջանական դիվանագիտական չվերթներով Սիրիայում, Աֆղանստանում, Իրաքում և Կոնգոյում ահաբեկիչներին զենքեր մատակարարելու դեպքեր:

Բուլղարիան Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում է: 2015 թվականին, երբ նշվում էր Հայող Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Բուղարիան դատապարտեց այդ ոճիրը «զանգվածային սպանություններ» ձևակերպմամբ:

 

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728