Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում սկսվեց «Իսլամական պետության» համակիր հայ երիտասարդի՝ աղմկոտ գործով դատաքննությունը

Փետրվար 12,2018 17:16

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց ու անմիջապես հետաձգվեց Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Արգո» վաճառատան դիմաց 102-րդ ռազմաբազայի 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրիի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։ Դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով։

Ըստ մեղադրական եզրակացության. «Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ. ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը՝ դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով վերջինիս»:

Հիշեցնենք, որ 22-ամյա Արմանը մեծացել է Հունաստանում, նա այդ օրը Գյումրի էր եկել Ստեփանավանից և իրեն բերման ենթարկող ոստիկաններին հայտնել էր, որ ինքը մուսուլման է, «Իսլամական պետության» համակիր է։

Ինչպես Aravot.am-ին պատմել էին Բուլվարային թաղամասի բնակիչները, ռուս զինծառայող Դմիտրին «Արգո» խանութի դիմաց տեղադրված սուրճ պատրաստող սարքից սուրճ է վերցրել, այն ձեռքը բռնած՝ ամենայն հավանականությամբ ուղևորվել է դեպի մոտակայքում տեղակայված զորամաս: «Արգո» խանութից մի քանի քայլ առաջ շարժվելով՝ վրա է հասել մի երիտասարդ ու դանակով հարվածել զինվորականի պարանոցին: Դմիտրին փորձել է իր պարանոցից հանել դանակը, սակայն ձեռքը պահած դանակին՝ ընկել է: Դմիտրիին խփողը, տեսնելով, որ շուրջբոլորը իրար են խառնվել, փախուստի է դիմել, վազել է դիմացի նեղ փողոցներից մեկով, սակայն «Արգո» խանութի առաքիչներից մեկը վազել է հետևից, կարողացել է հասնել, գետնին է գցել նրան ու պահել:

Նշենք, որ Արման Ջանջուղազյանի շահերը պաշտպանում է փաստաբան Գուրգեն Հարությունյանը, վերջինս, սակայն, լրագրողների հետ այս թեմայով չցանկացավ զրուցել։

Դատը հետաձգվեց՝ նշանակվելով փետրվարի 23-ին, ժամը 14.00-ին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728