«Իրանի հասարակությունը միշտ ուշադիր եւ հոգատար է եղել հայ ժողովրդի ճակատագրի եւ նրան հուզող խնդիրների հանդեպ, ինչը դրսեւորվել է հատկապես ՀՀ անկախ պետականության առաջին տարիներին: Իրանը ՀՀ-ի հարեւան երկրներից միակն էր, որի հետ ՀՀ կառավարությունը տարածքային եւ այլ վեճեր չունեցավ եւ ի սկզբանե ձգտեց առեւտրատնտեսական կապեր պահպանել»,-Երեւանի պետական համալսարանում այսօր ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Իրանի քաղաքական ղեկավարությունը մինչ օրս ՀՀ-ի հանդեպ վարել է կառուցողական եւ լայն գործակցության քաղաքականություն, որն իրավացիորեն ստացել է «թավշային» անվանումը. «Թեհրանում քաջ գիտակցում են, որ ՀՀ-ն Կովկասի միակ պետությունն է, որը կարեւորում է Իրանի ներգրավվածությունը Կովկասում եւ համարում, որ տարածաշրջանում կայունության համակարգի ստեղծումը ամբողջական լինել չի կարող առանց Իրանի մասնակցության եւ առանց վերջինիս շահերը հաշվի առնելու»:
Գեղամ Պետրոսյանն ընդգծեց՝ Իրանի կառավարությունն Արցախյան հակամարտության հարցում վարում է հավասարակշռված քաղաքականություն՝ համարելով, որ հիմնահարցը պետք է լուծվի արդարության հիմքի վրա. «Կարեւորելով իր հյուսիսային սահմաններում կայունության հաստատումը՝ Իրանը մշտապես փորձում է օգտակար լինել՝ հարցի խաղաղ կարգավորման գործում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ