ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ռոստովյան փողոցում տարեց կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել:
Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 10-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Ք.Կարապետյանին՝ ծնված 1941թ., ով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Պարզվել է, որ վրաերթից հետո մեքենայի վարորդը թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փետրվարի 11-ին մեքենայի վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ստուգվել վարորդի սթափության աստիճանը:
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե