Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, երկրորդական փողոցներում, այգիներում և բակային տարածքներում շարունակվում են ներքին շաբաթօրյակները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները:
Եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով՝ աշխատակազմի շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկնարկել բակերի և զբոսայգիների բարեկարգման, ինչպես նաև նկարազարդ կամարանցումների թարմացման աշխատանքները:
«Այս տարի ևս պետք է շարունակենք մայրաքաղաքի բակերի ու զբոսայգիների բարեկարգման աշխատանքները, որոնց շրջանակում անհրաժեշտ է գույքագրել բակային այն տարածքները, որտեղ վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն կա: Զուգահեռաբար հատուկ ուշադրություն դարձրեք նաև բակերում տեղադրված մանկական խաղերի վիճակին՝ ստուգելով դրանց անվտանգությունը՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ավարտին Երևանի քաղաքապետն աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստել և ներկայացնել Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի տոնական միջոցառումների ծրագիրը:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն