Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Պիպոյան. «Ավելի լավ է քաբաբ ուտել, քան Մաքդոնալդս»

Փետրվար 12,2018 16:00

Հայաստանցիների մեծամասնությունը վատ սննդակարգ ունի, եւ մարդիկ հաճախ չեն էլ գիտակցում, թե ինչ վտանգավոր սնունդ են օգտագործում:

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն անդրադառնալով անառողջ սննդի համատարած օգտագործմանը, նշեց. «Մենք ունենք վատ սնուցում, վատ սննդակարգ, որը չափահաս մարդը չի գիտակցում: Պետք է պետական մակարդակով տեղեկացնել հանրությանը, օրինակ՝ ակրիլ-ամիդը ուռուցքածին ռիսկեր է պարունակում, այն առաջանում է բարձր ջերմային մշակման ենթարկվող սննդում: Դրանք հիմնականում արագ պատրաստվող սննդում են: Այդ տապակաները, չիփսերը… եռացող բուսական յուղի մեջ են պատրաստվում, եւ այդ բուսայուղերը ամեն ժամը մեկ չեն փոխում: Եվ այստեղ, բացի այն, որ ակրիլ-ամիդ նյութն է առաջանում, մեծանում է նաեւ ազատ ռադիկալների քանակությունը: Այս նյութերը առաջացնում են նյութափոխանակության խանգարում, երկրորդային շաքարախտ, օրգանիզմի արագ ծերացում»:

Պիպոյանն ասաց, որ չգիտի՝ հանրահայտ Մաքդոնալդսը՝ McDonald’s-ը իսկապե՞ս առաջիկայում բացվելու է Հայաստանում, այնուամենայնիվ, սննդաբանը անդրադարձավ նաեւ Մաքդոնալդսի պատրաստած սննդի վտանգներին:

«Շատերը զարմանում են, թե ինչպես են Մաքդոնալդսում ստանում հավի մսից պատրաստված այդպիսի փափուկ ուտելիք: Իրականում մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այնտեղ հավի միսը 50% է: Մնացածը հավի կաշվից ու մսոսկրային ալյուրից է պատրաստվում, որոնք տարբեր նյութերով են պատվում: Այսինքն՝ դուք հավի կրծքամիս չեք ուտում: Դուք ուտում եք սնունդ, որը պարունակում է ակրիլ-ամիդ, ազատ ռադիկալներ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պիպոյանի վստահեցմամբ՝ Հայաստանը աշխարհի վատագույն սննդակարգ ունեցող երկրների ցանկում առաջատար է: Մինչդեռ հայկական ավանդական խոհանոցը ժամանակին բավականին օգտակար եւ անվտանգ է եղել, մեր նախնիները առողջարար ու անվտանգ բաղադրիչներով են սնունդ պատրաստել:

Մանրամասն՝ տեսանյութում

Պիպոյանը հորդորեց՝ ավելի լավ է քաբաբ ուտել, քան Մաքդոնալդս կամ դրա նման արագ պատրաստված այլ սնունդ: «Քաբաբը, ասենք՝ հավից են պատրաստում, սպիտակ թռչնամիս է, քիչ ճարպեր է պարունակում, հետո քաբաբը մատուցում են լավաշով, լոլիկով, կաղամբով, բոլորը առողջության համար օգտակար են»:

Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք քաբաբը անվտա՞նգ է, քանի որ կենդանիներին հորմոններով հարուստ սնունդ են տալիս, մասնավորապես հավերին, Պիպոյանը պատասխանեց. «Եթե փորձեք աղալ կաշին, չեք ստանա այն բաղադրությունը, որը Մաքդոնալդս է ստանում: Եթե մենք ունենանք Մաքդոնալդսի նման հանրային սննդի ցանց, որը կառաջարկի մրցունակ գին, ես միանշանակ ասում եմ՝ այն մեր երիտասարդների սննդակարգում կլինի, որովհետեւ մեր երիտասարդները չունեն համապատասխան գիտելիք, եւ չգիտեն դրանց վտանգների մասին:

Ըստ Պիպոյանի, Մաքդոնալդսի սնունդը բազմաթիվ վտանգավոր նյութեր է պարունակում, դրանք առողջական լուրջ խնդիրներ են առաջացնում. «Հատկապես Երեւանում, առանց այդ էլ սննդակարգի հետ կապված խնդիրներ ունենք: Կարծում եմ՝ առողջապահության նախարարությունն իր «անտիտաբակ» ակցիան սկսելուց առաջ, լավ կլիներ լրջագույնս զբաղվեր հայաստանցիների սննդակարգով եւ սննդով պայմանավորված հանրային առողջությամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պիպոյանն ասաց, որ բազմաթիվ հրապարակումներ են արել Երեւան քաղաքում սննդակարգի մասին, ահազանգել, թե ինչ ռիսկեր ու վտանգներ կան. «Օրինակ՝ օքսիդատիվ սթրեսը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների տարածման: Եվ հիմա փոխանակ ամենակարեւոր խնդիրը լուծենք, փորձում ենք Երեւան քաղաքի սրտում տեղ տալ սննդային չարիք արտադրող ընկերությանը: Հասկանալի է, որ ներդրումներ պետք է արվեն, բայց հանրային առողջությունն ավելի կարեւոր է: Այնպիսի տեղերում են անում այդ ներդրումները, որ ուզում ենք ասել՝ այ մարդ, գոհ ենք, մի արեք էդ ներդրումները: Օրինակ՝ Ամուլսարը, որը դարձյալ մեր «քթերից է գալու» եւ մեր առողջության հաշվին, կամ ԳՁՕ պարունակող մթերք, կամ «fast food»: Միթե չկա զարգացման տեսլական: Հայաստանը սննդի առումով թանգարան է՝ ունենալու արժեքավորված գյուղատնտեսություն: Իհարկե, այս ուղղությամբ աշխատանքը ավելի ժամանակատար է եւ ավելի շատ ջանքեր է պահանջում: Մինչդեռ կառավարությունը գնում է հեշտ ճանապարհով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728