Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ի վերջո Թուրքիայի՝ էրդողանի՞ պատրիարքությունն է, թե՞ Հայ առաքելական եկեղեցու». Ռուբեն Մելքոնյան

Փետրվար 12,2018 15:46

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի համար ընկալելի չէ, երբ հոգևորականի, կրոնական առիթով առաջնորդվում են դաբրոներով:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքական ընտրության գործընթացի շուրջ վերջին զարգացումներին, Կրոնական ժողովի որոշմանը, պարոն Մելքոնյանը փաստեց՝ քննարկումների ընթացքում միշտ շեշտվում էր թուրքական իշխանությունների՝ նահանգապետի, ՆԳ նախարարի դիրքորոշումը, բայց ոչ մի դեպքում Մայր աթոռի, Ամենայն հայոց կաթողիկոսի մոտեցումները, հայ համայնքի դիրքորոշումը: Այս առիթով պարոն Մելքոնյանը վրդովվեց. «Դա ի վերջո Թուրքիայի՝ էրդողանի՞ պատրիարքությունն է, թե՞ Հայ առաքելական եկեղեցու, և որի՞ կարծիքը պետք է լինի գերիշխող: Արձանագրվեց այն, որ թուրքական պետությունը, հերթական անգամ կոպտորեն խախտելով հայ համայնքի ներքին ինքնավարությունը, միջամտեց համայնքի կրոնական գործերին: Սա եկեղեցական կարգուկանոնի հստակ խախտում է: Մի շարք հարցականներ կան. հայտնի չէ, թե Բեկչյանը հրաժարական տվե՞լ է, թե՞ ոչ, գրավոր դիմե՞լ է, թե բանավոր հայտարարել: Հայտնի չէ, թե ընտրո՞ւմ են փոխանորդին, թե՞ նշանակում»:

Ըստ պարոն Մելքոնյանի՝ ակնհայտ էր, որ թուրքական իշխանություններն ունեն ֆավորիտ թեկնածու: Ըստ թուրքագետի՝ սա համայնքի կազմակերպման համար դրական քայլ կարող ենք համարել, բայց ամենակարևորն այն է, որ այստեղ հաշվի չի առնվել հայկական համայնքի, հավատացյալների կարծիքը: Ըստ թուրքագետի՝ սա հանգեցնելու է խոր հիասթափության և Թուրքիայից արտագաղթի:

Ըստ պարոն Մելքոնյանի՝ թուրքական իշխանությունները փորձեցին ամեն կերպ ոչնչացնել հայկական համայնքում ըմբոստության ծիլերը. «Սա լուրջ հարված է հայկական ինքնությանը, քանի որ պատրիարքարանն այն առանցքն է, որի շուրջ համախմբված է հայությունը, ինչից կսկսեն հեռանալ: Մյուս կողմից էլ՝ թուրքահայ համայնքում, որը պատմությունից էլ հայտնի է իր ոչ համարձակ պահվածքով, այսօր կային համարձակության սաղմեր, ինքնուրույնության փորձեր, և միտումնավոր քաղաքականություն է վարվում այդ համարձակության սաղմերը ոչնչացնելու, դրանք ներկայացնելու որպես դոնկիխոտություն: Գարեգին Բեկչյանը համարվում է ոչ իրատեսական գործիչ, Կարո Փայլանը համարվում է ռոմանտիկ գործիչ, որն անում է ռոմանտիկ քայլեր: Բոլոր նրանք, որոնք թուրքական իշխանության սցենարից շեղվող քայլեր են անում, համարվում են դոնկիխոտ»:

Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ դաբրոներով, իշխանական մեթոդներով ոչ ցանկալի թեկնածուներին հեռացնելու միտումը շարունակական է լինելու. «Համայնքի և հավատացյալների կողմից առանձին անհնազանդության դրսևորումներ կարող են լինել, բայց դրանք սահմանափակվելու են, ինչպես եղավ երեկ, երբ եկեղեցուց ոստիկանություն տեղափոխվեց այն հավատացյալը, որը եկեղեցում դժգոհություն էր հայտնել փոխանորդի ընտրության հետ կապված»:

Հարցին՝ Մայր աթոռի հայտարարությունն ուշացած չէ՞ր, քանի որ ժամանակին Գարեգին Բեկչյանին չպաշտպանեցին, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունը կլինի այն սթափեցնող հանգամանքը, որը մեծ ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա: Ի վերջո, այդ հիասթափված հավատացյալները, չունենալով առանցք՝ ի դեմս պոլսահայոց պատրիարքարանի, ավելի ուշադիր լսելու են Մայր աթոռից եկած ազդակները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728