«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը որոշակի տեղեկություն ունի, թե կայացած հանդիպման ժամանակ ինչ են խոսել կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Մանրամասներ չի ասի: Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց` ճիշտ կլինի, որ պարոն Հովհաննիսյանը կամ Արմեն Սարգսյանը մանրամասնեն:
Հարցին`ինչո՞ւ են սկզբում առանձին հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Արմեն Սարգսյանը, իսկ կուսակցության անդամների հետ հանդիպումը նախատեսված է վաղը, Արմեն Մարտիրոսյանն ասաց`Արմեն Սարգսյանն է այդպես ցանկացել: Արմեն Մարտիրոսյանը գիտի, որ իրենց հարաբերությունները վաղուցվա պատմություն ունեն:
Իսկ վաղը, «Ժառանգության» անդամները Արմեն Սարգսյանին հարցեր են տալու Հայաստանի բոլոր ցավոտ խնդիրների վերաբերյալ`թե ներքին, թե արտաքին: Ակնկալում են լսել Արմեն Սարգսյանի մոտեցումները, որպեսզի հետեւություններ անեն:
Հետաքրքրվեցինք`եթե Արմեն Սարգսյանը համաձայնվի առաջադրել իր թեկնածությունը եւ դառնա նախագահ, իր լիազորությունները թույլ տալո՞ւ են զբաղվել բոլոր այն խնդիրների լուծմամբ, որոնք մտահոգում են հայաստանցիներին: «Իհարկե`ոչ, բայց ինքը կարող է գործընթաց գեներացնել, եթե նման ցանկություն ունենա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հարցին`համակարգի մասնիկ Արմեն Սարգսյանը կցանկանա՞ համակարգը փոխել, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Կհանդիպենք`տեսնենք, թե իր պատկերացումները ո՞ր ուղղությամբ են զարգանում»:
Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց նաեւ, որ Արմեն Սարգսյանն, այսպես ասած, ինքն է իրեն այս համակարգ բերել`առաջին անգամ ինքն է առաջարկել, որպեսզի իրեն դեսպան նշանակեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ