Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավորները խիստ ցավոտ են ընդունել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի հայտարարությունը այն մասին, որ իր առևանգման մեջ պատասխանատու են Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այսպես, պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն ոչ միայն քննադատել է Մուխթարլիին այդ մեղադրանքների համար, այլև կասկածի տակ է դրել լրագրողի առևանգման հարցը: Ընդ որում, նա խոստովանել է, որ քննությունը դեռ պատասխան չի տվել մի շարք հարցերի:
«Ես քննադատաբար եմ վերաբերում այն բանին, որ դեռ չի վերականգնվել պատկերը՝ ինչ հանգամանքներում է այդ մարդն անհետացել, եթե նա իսկապես անհետացել է: Կա՞ առևանգումը հաստատող որևէ ապացույց, որոնց մասին խոսում են Աֆղան Մուխթարլին և նրա կինը: Չկա: Հետևաբար, նրա հայտարարությունը միանգամայն անպատասխանատու է»,- ասել է պատգամավորը:
Ավելին, նրա խոսքով՝ Աֆղանլիի այդ հայտարարությունից հետո նրա ճակատագիրն իրեն ընդհանրապես չի հետաքրքրում: «Նա իրեն անարժան է պահել Վրաստանի նկատմամբ, երկիր, որը նրան ապաստան է տվել երկար ժամանակ: Նրան ոչ մեկը չի անհանգստացրել, և նա իրեն շատ հարմարավետ է զգացել: Երկիրն իսկապես արժանի չէ, որպեսզի նա բանտից նման կեղտոտ արշավ վարի նրա և նրա վարչապետի դեմ»,- ասել է պատգամավորը:
Զվիադ Կվաչանտիրաձեն վստահ է, որ վարչապետի հասցեին այդ մեղադրանքները ոչ միայն հարված է Վրաստանի հեղինակությանը, այլև ծրագրված պայքար իշխանությունների դեմ:
Իշխող կուսակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Թամար Խուլորդավան, Մուխթարլիի բառերը որակել է որպես անհեթեթություն, որն արդարացում չունի: Ընդ որում, պատգամավորը նշել է, որ ինքը «մեծ դավադրական կասկածներ ունի»:
«Թող յուրաքանչյուրն ինքը դատի, բայց մարդը, որ ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, և որն իրեն համարում է անմեղ լրագրող, էքսկլյուզիվ կարգով մատնացույց է անում Վրաստանի իշխող քաղաքական թիմին»,- հայտարարել է Խուլորդավան:
Նա նույնպես վստահություն է հայտնել, որ դա «սև փիար է» Վրաստանի իշխանությունների դեմ: «Ցավոք, և՛ երկրի ներսում, և՛ դրա սահմաններից դուրս կան այնպիսիք, որոնք ցանկանում են մահացու հարված հասցնել Վրաստանի կառավարության հեղինակությանը և լարվածություն առաջացնել վրաց-ադրբեջանական հարաբերություններում»,- ասել է պատգամավորը:
Իր հերթին իրավաբանական կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան Մուխթարլիի խոսքերն անվանել է «զրպարտության դասական օրինակ»: «Կարող եմ ասել, որ դա ճիշտ չէ: Նշված գործով տարվում է քննություն, հարցաքննվել են գործնականում բոլոր անձինք, որոնք տեսականորեն կարող էին գոնե ինչ-որ տեղեկատվություն ունենալ: Միջանկյալ տեղեկատվություն այդ առումով հնչեցվել է, և համապատասխան պատասխանատու անձինք հեռացվել են զբաղեցված պաշտոններից»,- ասել է Բեսելիան:
Աֆղան Մուխթարլիի հայտարարությունը Բեսելիան որակել է որպես «սուտ և զրպարտություն»: «Ոչ մի հրահանգ և նախնական պայմանավորվածություն երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչների միջև չի եղել»,- հավաստիացրել է Էկա Բեսելիան:
Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները երկու օրով ազատ էին արձակել 6 տարվա բանտարկության դատապարտված լրագրող Աֆղան Մուխթարլիին՝ թույլատրելով մասնակցել մահացած քրոջ և նրա երկու երեխաների հիշատակի արարողությանը: Այդ ընթացքում Մուխթարլին հասցրել է հարցազրույց տալ վրացի լրագրողներին՝ ներկայացնելով կատարվածի իր տարբերակը:
Մասնավորապես, Մուխթարլին պատմել է, որ առևանգումից առաջ իրեն 2 ամիս հետևել են: Առևանգողները եղել են 4-ը և խոսել են վրացերեն, իսկ «Լագոդեխի» անցակետում իրեն փոխանցել են ադրբեջանցի սահմանապահներին:
Մուխթարլին նշել է, որ Վրաստանի իշխանությունները ցանկանում էին իրեն ադրբեջանական կողմին հանձնել, բայց չէին կարող իր ձերբակալության համար իրավական հիմք գտնել: Հետևաբար, նրանք որոշել են առևանգել իրեն: Ընդ որում, լրագրողը չի բացառել, որ եղել է նաև ֆինանսական հետաքրքրություն: Ամենասկանդալային հայտարարությունը, սակայն, վերաբերում է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին: Մուխթարլին համոզված է, որ հենց նա է համապատասխան հրահանգ տվել:
Մեկ այլ լրագրողի հետ զրույցում Աֆղանն ասել է, որ ինքը դարձել է Ադրբեջանի նախագահի և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջև բիզնես-համագործակցության զոհ:
Նա նշել է, որ Թբիլիսիում ապրելու ժամանակ ինքը պարզել էր, որ Վրաստանում Ալիևը բիզնեսներ ունի զբոսաշրջային ոլորտում, ինչպես նաև մի քանի հյուրանոցներ, հողատարածքներ, նրան է պատկանում Silk Way Airlines ավիաընկերությունը և Silk Way Georgia ընկերությունը: Ընդ որում, Ալիևի գործընկերը Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին է:
Լրագրողը ենթադրում է, որ Թբիլիսիում իրեն առևանգելու որոշում են կայացրել, քանի որ երկրում դատական գործընթացները թափանցիկ են և օրինական ճանապարհով իրեն Ադրբեջանին հանձնել չէր հաջողվի:
Որպես իր առևանգման համար պատասխանատուներ՝ Մուխթարլին նշել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին, քրեական ոստիկանության, սահմանային ոստիկանության և մաքսային ծառայության ղեկավարներին: Լրագրողը նշել է, որ արդարության կհասնի Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նրա խոսքով՝ Կվիրիկաշվիլին պետք է պատասխան տա կատարվածի համար
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ