«Կրծքագեղձի քաղցկեղի առումով իրավիճակն աստիճանաբար վատթարագույն է դառնում, ե’ւ երիտասարդացման միտում ունի ե’ւ դեպքերն են գնալով ավելանում: Հնարավորինս պետք է պայքարել, ցավոք հնարավոր չէ ինչ-որ բան անել, որպեսզի քաղցկեղն ի սկզբանե չլինի, բայց հնարավոր է կանխարգելել, եթե վաղ հայտնաբերվի»,-այս համոզմանն է «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը:
Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում Նվարդ Քոչարյանն ասաց, որ մեկնարկում է «Վաղ եւ ճշգրիտ» կարգախոսը կրող արշավը, որը միտված է քաղցկեղի կանխարգելմանը: Տիկին Քոչարյանի խոսքով, կազմակերպության հիմնական նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը, վաղ հայտնաբերման առավելությունները. «Այս կարգախոսն ենք ընտրել, քանի որ կրծքագեղձի քաղցկեղը բավականին մեծ տարածում ունի մեր հանրապետությունում եւ յուրաքանչյուր տարի բավականին մեծ թվով կանայք ախտորոշվում են այս հիվանդությամբ և ցավալին այն է, որ բավականին բարդ 3-րդ, և 4-րդ փուլերում են ախտորոշվում, երբ դժվար է լինում բուժումը: Եթե քաղցկեղը վաղ է հայտնաբերվում, բուժման արդյունավետությունը շատ բարձր է լինում` 95-100 տոկոս, ապրելիությունը շատ մեծ լինում»,-վստահեցրեց Նվարդ Քոչարյանը` նշելով, որ բոլոր միջոցառումներից հետո մեծ թվով արձագանքներ են լինում եւ մարդիկ հարցուփորձ են անում`ո՞ւր գնալ հետազոտվել:
Մանրամասները` տեսանյութում
Ըստ նրա, ցավոք քիչ չեն դեպքերը նաեւ, երբ ախտորոշումը ճշգրիտ չի լինում եւ կարեւոր է, որ ոչ միայն վաղ, այլ նաեւ ճիշտ ախտորոշումը. «Սակայն ամենամեծ խնդիրը վաղ հայտնաբերումն է, ճշգրիտ ախտորոշման հետ այդքան խնդիր չունենք, քանի որ մեր երկրի մասնագետները չեն զիջում եվրոպացի, կամ ամերիկացի մասնագետներին, հիմնականում մեր մասնագետները բավականին պատրաստված են եւ հմուտ են»,-ասաց նա: Այդուհանդերձ, ըստ տիկին Քոչարյանի, Հայաստանում «երկրորդ կարծիք» իմանալու մշակույթը չկա եւ երկրորդ բժշկի մոտ մարդիկ չեն գնում:
Նվարդ Քոչարյանը նշեց, որ լինելու են հանրային իրազեկման միջոցառումներ, մարզային այցելություններ, Արցախ այցելություններ, սկրինինգային ծրագրեր: «Կարեւոր է, որ մեր հասարակությունը ոչ միայն իրեն սիրելով գնա բժշկի, այլ նաեւ իմանա, ինչպես դա անել: Ցավալին այն է, որ մեր հասարակությունը ստորադասում է իր առողջությունը: Ինքնահետազոտումը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում հայտնաբերման ամենահիմնական միջոցն է, բայց եթե կինը շոշափելով ինչ-որ բան նկատում էլ է, միեւնույն է չի դիմում բժշկի մտածելով գումարի մասին, թեեւ գումարը նախնական հետազոտման համար քիչ է լինում»,-ասաց Նվարդ Քոչարյանը: Նա նշեց, որ պաշտոնական տվյալներով տարեկան մոտավորապես 1200 նոր դեպք է ախտորոշվում, որից 40-45 տոկոսը երրորդ չորրորդ փուլերում:
Քաղցկեղից արդեն բուժված, ասուլիսին ներկա Անի Սահրադյանը նշեց, որ իր մոտ բավական ուշ փուլում է հայտնաբերվել քաղցկեղ. «Ես իմ օրինակով ուզում եմ բոլորին կոչ անել, որ եթե գոնե տարին մեկ անգամ գնան հետազոտվեն, շատ ավելի մատչելի կլինի թե բուժումը, թե կյանքին սպառնացող վտանգը, թե ապրումները»:
«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությանն անդամակցում է եւս 46 երկիր Եվրոպայից եւ Միջին Ասիայից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ