Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. «Դրանք երկրի ճակատագրով մտահոգ մարդու գնահատականներ էին»

Փետրվար 12,2018 16:04

ՍԴՀԿ ԿՎ անդամ, կուսակցության հայաստանյան կառույցի նախկին ատենապետ Նարեկ Գալստյանը կոռեկտ չի համարում մանրամասներ հրապարակել ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՍԴՀԿ ԿՎ եւ Հայաստանի կառույցի վարչության անդամների երեկ կայացած հանդիպումից: Նարեկ Գալստյանը միայն ասում է`Արմեն Սարգսյանին ուղղել են իրենց հուզող բազմաթիվ հարցեր եւ ստացել պատասխաններ:

Հետաքրքրվեցինք`գոնե իրենց հուզող հարցերին Արմեն Սարգսյանի պատասխաններն իրենց բավարարե՞լ են, Արմեն Սարգսյանի եւ ՍԴՀԿ անդամների մոտեցումներում համընկումներ կա՞ն: «Դրանք երկրի ճակատագրով մտահոգ մարդու գնահատականներ էին: Այո, կարելի է ասել, որ բավարարեցին»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Դիտարկմանը՝  այս հանդիպումից հետո ՍԴՀԿ-ում մոտեցումներն ավելի հստակեցվեցի՞ն, եթե Արմեն Սարգսյանը որոշում կայացնի առաջադրվել նախագահի պաշտոնում, իրենք կսատարե՞ն այդ թեկնածությանը, մեր զրուցակիցը նախ պատասխանեց, որ իրենց սատարել-չսատարելը խորհրդանշական է լինելու, քանի որ խորհրդարանական կուսակցություն չեն, բայց եթե Արմեն Սարգսյանը որոշի առաջադրվել, իրենց կարծիքը դրական կլինի:

Թեեւ ՍԴՀԿ-ում հասկանում են, որ նախագահի լիազորություններն այսուհետ բավական սահմանափակ են լինելու, բայց, ըստ Նարեկ Գալստյանի, Սահմանադրությամբ նախագահին տրված լիազորությունների շրջանակը, ինչպես նաեւ Արմեն Սարգսյանի կերպարն ու խարիզման կարող են նպաստներ բերել Հայաստանի առաջընթացին:

Քանի որ Արմեն Սարգսյանն անընդհատ շեշտում է, որ դեռ որոշում չի կայացրել`կառաջադրվի՞ նախագահի պաշտոնում, թե`ոչ, Նարեկ Գալստյանից հետաքրքրվեցինք` հանդիպումից ի՞նչ տպավորություն են ստացել, հավանակա՞ն է, որ Արմեն Սարգսյանը հրաժարվի Սերժ Սարգսյանի առաջարկից՝ իր թեկնածությունը չառաջադրի ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում: «Ես չեմ կարող մեկնաբանել: Մենք ընդունում ենք ի գիտություն Արմեն Սարգսյանի ասածը. ինչպես բոլորին, այնպես էլ մեզ ասում է, որ հանդիպումներից հետո իր վերջնական որոշումը կկայացնի եւ կհրապարկի»,- ասաց Նարեկ Գալստյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728