«Ներկայումս էներգետիկ ոլորտում լավ համագործակցություն ենք ձեւավորել Հայաստանի հետ: Հուսով ենք՝ առաջիկայում երրորդ բարձրավոլտ գիծը շահագործման կհանձնվի: Այդ էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը գազ կստանա Իրանից»,-ԵՊՀ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքների ընթացքին, ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Նա նաեւ նշեց, որ եթե Հայաստանին հաջողվի Իրանի հարեւան պետություններից գազ ներկրել, Իրանը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ այդ գործընթացում:
Ինչ վերաբերում է Իրանից գազի ներկրման ծավալների հնարավոր մեծացմանը, դեսպանն ակնարկեց. «Պատրաստ ենք հարմար գներով գազը նաեւ վաճառել Հայաստանին: Այս հարցը քննարկվում է ներկայում: Հուսամ՝ առաջընթաց կլինի»:
Սեյեդ Քազեմ Սաջադիի խոսքով՝ եթե ՀՀ-ն փոքր ինչ աշխուժանա էներգետիկ ոլորտում, մեծ քայլեր կձեռնարկվեն. «Դրանք կնպաստեն ՀՀ-ում աշխատատեղերի ստեղծմանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ