Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն (ՇՎՏՄ) ամփոփել է նախորդ տարվա ստուգումների արդյունքները եւ արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում շուկայահանված ապրանքների համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ սերտիֆիկատների և հայտարարագրերի թիվը հասել է 1808-ի։ Այն 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 31%-ով:
Տեսչական մարմինն արձանագրել է, որ իրազեկման աշխատանքների եւ ստուգումների արդյունքում ապրանքների որակի համապատասխանության գնահատման անհրաժեշտությունը շատ տնտեսվարողների համար օրակարգային հարց է դարձել։ Այսուհանդերձ, նախորդ տարի իրականացված աշխատանքները նաեւ փաստում են, որ հատկապես որոշ ոլորտներում լուրջ բացեր կան։
Այսպես՝ նախորդ տարի տեսչական մարմինը ստուգումներ է կատարել 24 ոլորտներում եւ խախտումների բարձր ցուցանիշ արձանագրել ԱԳԼՃԿ-ների՝ 100%, սինթետիկ հիմքով լաքեր եւ ներկերի՝ 89%, խաղալիքների՝ 83%, օծանելիքակոսմետիկական եւ լվացող-ոնքրող միջոցների՝ 80%, ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի՝ 67% ոլորտներում։
Ընդհանուր առմամբ, ստուգում իրականացվել է 197 տնտեսվարողների շրջանում, 161-ի մոտ (81.7%) հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ։ Ըստ այդմ՝ 2017-ին տուգանքների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 23 մլն ՀՀ դրամ։
Արձանագրված խախտումները հիմնականում համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, մակնշման, չափագիտական նորմերի առումով են։ ԱԳԼՃԿ-ների պարագայում խախտումները գազի բարձր ճնշմամբ լիցքավորելու եւ խորհանարդ մետրով վաճառելու հետ է կապված։ Վերջիններիս խնդիրը կարգավորելու նպատակով, ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը մշակել օրենսդրական փաթեթը, որն այժմ քննարկման փուլում է։
Շատ խախտումներ արձանագրված եւ բարձր ռիսկայնությամբ ոլորիներում ՇՎՏՄ-ն ստուգումները շարունակում է՝ համաձայն 2018 ծրագրի։
Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին, Լիլիթ Գալստյան