«Ելքը» թանկացումների վերաբերյալ արտահերթ նիստ էր հրավիրում, որին «Ծառուկյան» դաշինքը հայտարարել էր, որ կմիանա: Սակայն, եթե ՀՀԿ-ականները բոյկոտեն՝ պարզ է, որ այդ արտահերթը չի կայանա:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ՝ինչո՞ւ որոշեցիք արտահերթ նիստ անել, եթե դա կախված է ՀՀԿ-ից, ի սկզբանե իմանալով, որ դա տապալվելու է, ավելի նպատակահարմա՞ր չէր խորհրդարանական լսումներ հրավիրեիք եւ գնացիք Արմեն Սարգսյանի հետ հանդիպման, գուցե բոյկոտեի՞ք: Փաշինյանը պատասխանեց, որ այն ժամանակ էլ կլինեին լրագրողներ, որ կասեին՝ արդյոք արտահերթը ավելի ճի՞շտ չէր, լսումներ լինեին, կարող է ասեին՝ միգուցե բոյկոտեի՞ք այդ լսումները. «Այդ դեպքում հարց կլիներ, թե ինչու մենք չենք բոյկոտում ԱԺ նիստերը, հանձնաժողովների նիստերը: Այսինքն, բոյկոտը հասկանալի եւ ընդունելի գործիք է, բայց եթե ասեք, թե այդ բոյկոտի արդյունքում մենք ինչ պիտի ստանայինք, որ չստացանք հանդիպման արդյունքում…գուցե դա…Այսինքն, ես չեմ ասում՝ վայ, չէ ոչ մի դեպքում այն կամ մյուսը: Ուղղակի ցանկացած դեպքում մենք պետք է հասկանանք ինչ ենք անում եւ ինչի համար: Տվյալ դեպքում մենք կարեւոր ենք համարել մեր ասելիքը եւ մեր մտահոգությունները արտահայտել, նաեւ ընդհանուր քաղաքական իրավիճակի վերաբերյալ մեր մտահոգությունները ասել Արմեն Սարգսյանին: Ընդհանրապես ՀՀ քիչ քաղաքացի կգտնեք, որ ցանկացել է մեզ հետ հանդիպի ու չի հանդիպել: Արմեն Սարգսյաննն էլ է ասել, որ ինքը հանդես է գալիս՝ որպես ՀՀ քաղաքացի»:
Նա ասաց, որ նիստ հրավիրել են՝ իմանալով, որ յուրաքանչյուր պատգամավոր պարտավոր է գալ այդ նիստին, ոչ թե տապալելու կանխավարկածով են շարժվել:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց. «Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող ենք փարատել, ՀՀԿ խմբակցությունը որեւէ նպատակ չունի չմասնակցել: Մենք պետք է մասնակցենք այդ նիստին: Իհարկե, պետք է կրկնվի այն ամենը, ինչ եղել է լսումների ժամանակ, մենք բավականին հիմնավոր կարողացել ենք լսումներին արտահայտվել եւ հիմնավորել այսօրվա իրավիճակը, սակայն մենք չենք զլանում եւ եւս մեկ անգամ հարգելով մեր ընդդիմադիր գործընկերներին, կմասնակցենք նրանց հրավիրած արտահերթ նիստին եւ եւս մեկ անգամ կհիմնավորենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ