«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասել էր, որ եթե Սերժ Սարգսյանն իր խոսքից հետ կանգնի եւ ի հեճուկս իր հայտարարությունների, փորձի դառնալ վարչապետ, դա ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը կտրուկ կսրի: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Aravot.am-ը Փաշինյանից հետաքրքրվեց՝ դուք ի՞նչ սրացումներ եք սպասում, 2 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, արդյոք տեսնո՞ւմ եք այդ ներուժը, որ այդպես կտրուկ կսրվի իրավիճակը:
Նա պատասխանեց. «Դա հարցերի հարցն է: Ես ասել եմ, որ այդ հարցն իր մեջ ներքաղաքական իրավիճակի լարման պոտենցիալ է պարունակում: Արմեն Սարգսյանի հետ խոսակցությունը, մեր դրած շեշտադրումը հետեւյալն է եղել՝ ըստ էության եկեք արձանագրենք, որ ապրիլի 9-ից մինչեւ առնվազն ապրիլի 31-ը ՀՀ նախագահը լինելու է Արմեն Սարգսյանը եւ այդ ժամանակաշրջանում կառավարությունը լինելու է հրաժարականի մեջ, եւ Սերժ Սարգսյանը լինելու է Բաղրամյան 26-ից հեռացած, այսինքն, նրա միակ կարգավիճակը լինելու է ՀՀԿ նախագահը: Եթե ենթադրենք, որ այդ ժամանակաշրջանում հարյուր հազարավոր քաղաքացիներ պայքարում են, որպեսզի ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ ի դեմս Սերժ Սարգսյանի վերարտադրության, գործող նախագահի կարգավիճակը, դիրքորոշումները շատ կարեւոր կարող են լինել: Մենք Արմեն Սարգսյանի ուշադրությանն ենք հրավիրել այս փաստը, եւ նրա ուշադրությունը հրավիրել ենք այս փաստի վրա եւ նրա դիրքորոշումն ենք փորձել իմանալ այս խնդրի վերաբերյալ: Թե ինչ է ինքը պատասխանել, ես ԱԺ դռնբաց նիստում այդ հարցը նորից կտամ, ինքը կպատասխանի, եւ եթե հրապարակային եւ ոչ հրապարակային պատասխանների մեջ լինեն տարբերություններ, ես այդ տարբերության մասին տեղյակ կպահեմ»:
Մենք Փաշինյանին հիշեցրինք, որ վերջին անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել է 2016-ի օգոստոսի 4-ին, երբ պատասխանում էր ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Այն ժամանակ նա ասել էր, որ Հայաստանի քաղաքական թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի հեռացումն է, ուստի հարցրեցինք՝ հիմա արդյոք դուք նույն պահանջն ունեք եւ ինչո՞ւ հիմա ձեր քաղաքական խնդիրների մեջ չի մտնում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:
Նա պատասխանեց. «Հիմա արդեն Հայաստանի թիվ մեկ քաղաքական խնդիրը, իմ համոզմամբ, այդ վերարտադրությունը թույլ չտալն է, երկրորդը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, ես, որպես ՀՀ քաղաքացի, որպես քաղաքական գործիչ, ունեմ միշտ՝ ամեն օր, ամեն վայրկյան, խնդիրը դրա իրագործման մեջ է: Ցավոք սրտի, չնայած բարեբախտաբար չէր լինի, որ դա մենակ իմ կամքից կախված լիներ: Ես այդ ժամանակաշրջանում նաեւ հանրությանը լուծման ձեւ եմ առաջարկել՝ նույն Խորենացի փողոցում, ասել եմ՝ կա այսպիսի խնդիր, որ մեր քաղաքացիների կամարտահայտման միջոցով կարող է դա տեղի ունենալ, հիմա եկեք կազմակերպենք կամարտահայտում, եթե ՀՀ քաղաքացիներն իրենց կամքը կարտահայտեն, այն ժամանակ առաջարկում էինք, որ փողոցներում, քաղաքներում, հրապարակում լինեն, ես ինձ համարում եմ այդ կամքի ի կատար ածելու երաշխավոր՝ որպես քաղաքական գործիչ: Ես այսօր էլ եմ ինձ այդպիսին համարում»:
Մենք ճշտեցինք, եթե ժողովրդի կամարտահայտությունը ուրիշ էր, ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը, բացի ձեզանից,որեւէ մեկը չուզե՞ց՝ նա պատասխանեց. «Օրինակ, 2016-ի հուլիսին շատ մեծ շանս կար, որ այդ կամարտահայտումը տեղի կունենա, համենայնդեպս, մենք կտեսնենք, թե ինչ է մտածում հանրությունը: Բայց քանի որ իրադարձություններն ընթացան ոչ ցանկալի սցենարով եւ «Սասնա ծռերի» մեր ընկերները հրաժարվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, հետագա սցենարները դուք արդեն գիտեք: Ցանկացած պահի, եթե հնարավոր կլինի նման եւս մեկ հարցում կազմակերպել, գուցե մենք կմտածենք դրա մասին եւ մտածում ենք: Ցավոք, «Ելք» խմբակցության մանդատի շրջանակն այնպիսին չէ, որ մենք կարողանանք այդ խնդիրը առանց լրացուցիչ պրոցեդուրաների լուծել: Ես ինքս էլ մտածում եմ, թե ի՞նչ հնարավորություն կա պարզելու՝ ՀՀ քանի՞ քաղաքացի է պատրաստ կանգնել եւ թույլ չտալ Հայաստանի ադրբեջանացումը՝ Սերժ Սարգսյանի հերթական վերարտադրության միջոցով»:
Մենք ճշտեցինք՝ եթե ձեր մանդատները բավարար չեն նույնիսկ ձեր ասելով Հայաստանի թիվ մեկ քաղաքական խնդիրը լուծելու համար, հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ վերցրեցիք մանդատները՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այդ մանդատները վերցրել ենք, որպեսզի հնարավորության դեպքում նրա շրջանակները ընդլայնելու հնարավորություն լինի եւ օգտագործենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ