Ըստ Դավիթ Բաբայանի՝ նախագահական ընտրությունները առաջ-ետ տալը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի հարգում ո՛չ սեփական օրենքները, ո՛չ միջազգային նորմերը:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հավաստմամբ՝ ակնհայտ է, որ ի դեմս Ադրբեջանի՝ ունենք անկանխատեսելի երկիր: «Առավոտի» հետ զրույցում պարոն Բաբայանը մտահոգություն հայտնեց. «Ադրբեջանը չի հարգում ո՛չ սեփական օրենքները, ո՛չ միջազգային նորմերը: Դրա վկայությունն է նախագահական ընտրությունների՝ առաջ-ետ տալու»:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք ընտրությունների ժամկետները տեղափոխելը, ինչպես որոշ փորձագետներ են մտահոգություն հայտնում, չի՞ նշանակում, որ Ադրբեջանը հեռահար նպատակներ ունի սեպտեմբերին սկսել պատերազմական գործողություններ, պարոն Բաբայանը պատասխանեց. «Պետք չէ այդ խնդիրը շահարկել: Հարց է առաջանում՝ իսկ եթե ընտրությունները ճիշտ ժամանակին անցկացվեին, եթե Ադրբեջանն ուզենար պատերազմ հայտարարել, դա ազդելո՞ւ էր իրենց որոշման վրա: Պատերազմ հայտարարելու դեպքում կարեւոր գործոններից է անսպասելիությունը: Հետեւաբար, երբ ընտրությունների ժամկետները փոխվում են, արդեն հարցի անակնկալությունը կորչում է: Բոլորը կարող են մտածել, որ Ադրբեջանը դա անում է, որպեսզի հարձակվի այս ժամանակահատվածում, հետեւաբար անակնկալության գործոնն այստեղ չեզոքանում է»:
Ըստ պարոն Բաբայանի՝ անկախ ամեն ինչից՝ հայկական բանակը պետք է պատրաստ լինի դիմակայել ադրբեջանական ոտնձգություններին. «Անկախ Ադրբեջանի ներքաղաքական մուտիլովկաներից, խաղերից, ընտրություններն առաջ-ետ տալուց՝ մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն կասեցնելու: Եվ դա ընտրությունների հետ կապված չէ: Առհասարակ, պետք է պատրաստ լինենք, քանի որ ի դեմս Ադրբեջանի՝ ունենք աննորմալ ֆաշիստական երկիր»:
Հիշեցնենք՝ մեկ օր առաջ «Նոր Ադրբեջան» կուսակցության նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ երիտասարդ սերունդը պետք է վերադարձնի Երեւանը։ Նա մասնավորապես հայտարարել է. «Մենք չպետք է մոռանանք եւ չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Մեր պատմական հողերն են Երեւանի խանությունը եւ Զանգեզուր-Գեյչան: Ադրբեջանի պատմական հողերի մասին գիտական հետազոտություններ են կատարվում, ֆիլմեր նկարահանվում։ Երեւանը մեր պատմական տարածքն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողերին։ Դա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է»:
Ըստ Դավիթ Բաբայանի՝ այսպիսի գաղափարներ կրող առաջնորդ ունեցող երկրից ոչ մի դրական ակնկալիք ունենալ հնարավոր չէ. «Այս պարագայում այսպիսի գաղափարներով առաջնորդվող մարդկանց նկատմամբ մենք ինչպիսի՞ ակնկալիքներ պիտի ունենանք, միայն վատ, հետեւաբար միշտ պետք է պատրաստ լինենք կասեցնելու նրանց: Իսկ դա ամենեւին կապ չունի ընտրությունները տեղափոխել-չտեղափոխելու հետ»:
Մեր այն դիտարկմանը՝ փաստորեն Ադրբեջանը, չհարգելով միջազգային իրավունքի նորմերը, ատելության խոսք է տարածում, եւ արդյոք այս վարքագիծը վտանգներ չի՞ պարունակում, որ կարող է Ալիեւն անսպասելի կերպով դիմել պատերազմական գործողությունների, ինչի մասին մտահոգություն են հայտնում մի շարք փորձագիտական շրջանակներ, պարոն Բաբայանը պատասխանեց. «Դա այդպես է, այդ պատճառով էլ ամենակարեւոր ազդեցիկ գործոնը համախմբված, հզոր բանակ ունենալն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն ունենալն է: Եթե Ադրբեջանը տեսնում է, որ մենք թուլացել ենք, անմիջապես փորձում է պահն օգտագործել եւ դիմել պատերազմական գործողությունների, ինչպես դա արեց 2016-ի ապրիլին: Նրանց թյուր կարծիքով՝ մենք այդ պահին պատրաստ լինել չէինք կարող ոտնձգություններ կասեցնելուն: Մտածում էին, թե սրընթաց պատերազմական գործողությունների միջոցով մեկ-երկու օրում կարող են Արցախի պետականությունը ոչնչացնել»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
10.02.2018