Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի քաղաքացիական համարձակությունը

Փետրվար 12,2018 14:30

«Ես չգիտեմ` կա՞ն, թե՞ ոչ։ Ես գիտեմ, որ կան անհատներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են որպես քաղբանտարկյալներ։ Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների գնահատականը, եւ իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- երեկ խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Նախագահի թեկնածուի այս՝ առաջին հայացքից ոչինչ չասող պատասխանն իրականում շատ բան է ասում: Իսկ ասում է այն, որ եվրոպական նիստուկացով եւ մոտեցումներով Արմեն Սարգսյանը հստակություններ չի բերելու: Նախագահի թեկնածուի նման պատասխանն ըստ ճաշակի կարելի է անվանել` դիվանագիտական, խուսափողական եւ այլն, բայց այն հստակ արտացոլում է նրա քաղաքացիական համարձակության աստիճանը:

Որ չլիներ` «ցտեսություն, նախագահի պաշտոն»

Արմեն Սարգսյանի այս խուսափողական-դիվանագիտական պատասխանը, օրինակ, «Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համահիմնադիր, նախկին քաղկալանավոր Կարապետ Ռուբինյանին թույլ է տալիս եզրակացնելու, որ ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնի հավակնորդը քաղաքացիական համարձակություն չունի, որպեսզի իրականությանը բաց աչքերով նայի եւ գնահատականներ տա: Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները պնդում էին եւ շարունակում են պնդել` իրականացված սահմանադրական փոփոխություններով եւ կառավարման նոր համակարգի անցումով տեղափոխվում ենք Հայաստանը իրավական երկիր տանող ճանապարհ: Նման երկակի հայտարարությունները բխո՞ւմ են իրավական երկրի գաղափարից` հարցին Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Ամբողջ վարչախմբի գործունեությունը եւ վարվող քաղաքականությունը դրանից չեն բխում, իսկ պարոն Սարգսյանը հենց այդ քաղաքականության շրջանակներում մեջտեղ բերված գործիչ է, չէ՞: Ուրեմն ավելին սպասել պետք էլ չէր»:

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց` իր ընկալմամբ էլ Արմեն Սարգսյանը խուսափողական պատասխան տվեց. «Երեւի բոլորի կողմից ընկալելի լինելու համար, դա նրա համար ապահովագրված պատասխան էր»: Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ եթե Արմեն Սարգսյանը հստակ ասեր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, դա կնշանակեր` «ցտեսություն, նախագահի պաշտոն»: Իսկ եթե Արմեն Սարգսյանը հստակ հայտարարեր այն, ինչ հայտարարում են իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները` Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, չէր կարող ակնկալել հանրային մեծ աջակցություն. «Հանրության շատ շերտերի կողմից, կարծում եմ՝ հիմնական շերտերի կողմից, ոչ կուսակցական շրջանակներից, հիմնականում բացասական արձագանք կգտներ: Այդ պատճառով այդպիսի խուսափողական պատասխան գտավ»: Մեր զրուցակիցը կարծում է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Արմեն Սարգսյանն այլեւս այդ թեմային չի անդրադառնա: Բայց եթե լրագրողները համառեն եւ եւս մեկ անգամ նման հարց ուղղեն Արմեն Սարգսյանին արդեն նախագահի պաշտոնում, արդեն հստակ պատասխան կստանան այն մասին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Նախկին քաղկալանավոր, նախկինում ԱԱԾ բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանն էլ մի փոքր ապշած է Արմեն Սարգսյանի պատասխանից: Ասում է` լավ դիվանագետ է, կարող էր ավելի լավ պատասխան տալ, քան «իշխանության ասեղը թելելն է»: Եվ ի գիտություն Արմեն Սարգսյանի ասում է` Հայաստանում քաղբանտարկյալներ կան. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ ինքն արդեն նախագահ է, եւ ցավում եմ, որ դեռ չստանձնած իր պաշտոնը՝ արդեն իսկ որոշել է, որ ապագայում էլ չեն լինի»: Գուրգեն Եղիազարյանը համոզված է` եթե Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը եւ մնա իշխանության, ապագայում էլ Հայաստանում քաղբանտարկյալներ կլինեն, քանի որ նոր Սահմանադրությամբ բոլոր հիմնական գործառույթները լինելու են վարչապետինը, իսկ նախագահը «իսկ եւ իսկ անգլիական թագուհի է»: Այս ամենով հանդերձ՝ մեր զրուցակիցը մտածում է, որ Սերժ Սարգսյանը չի ստանձնի հաջորդ վարչապետի պաշտոնը: Ասում է. «Մարդը քանիցս ի լուր աշխարհի հայտարարեց` հայ ժողովուրդ, ընդունեք այս Սահմանադրությունը, ՀՀԿ-ն թող ընդմիշտ մնա, բայց ես ոչ մի պաշտոնի չեմ ձգտի, չեմ գնա: Չեմ կարծում, որ մարդն էդ խոստումը չկատարի, ինչքան էլ գալուստներն իրենց երեխեքի համար ասեն, որ Սերժ Սարգսյանը միակն է: Թույլ տվեք այդ հեքիաթին չհավատալ»: Հետաքրքրվեցինք` եթե անգամ Սերժ Սարգսյանը չստանձնի վարչապետի պաշտոնը, արդյոք այդ պաշտոնը ստանձնող անձը չի՞ լինելու Սերժ Սարգսյանի հրամանները կատարողը, ով էլ որ նա լինի: «Սերժ Սարգսյանի հրամանների տակ 11 տարի շարունակ իմ եւ ձեր երկիրը հետընթաց է ապրել: Ես չեմ կարծում, որ նա սեւ շենքից Բրեժնեւի կարգավիճակով հրամաններ կարձակի, եւ նոր վարչապետը դրանք կկատարի: Բայց եթե լինի վատթարագույնը, եւ Սերժ Սարգսյանը մարդկանց համոզի, որ իր մնալը պետք է` ինչ-ինչ հարցեր լուծելու համար, վեց ամսում եւս 350 հազար մարդ կլքի Հայաստանը: Այդպիսով նա ուղիղ կհարվածի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Ո՞ր կիլոմետրին կսայթաքի
Սերժ Սարգսյանը

Օրերս խորհրդարանում հրատապ կարգով քննարկվեց եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության ներկայացրած նախագիծը` «Ներման մասին»: Այս նախագծով նախագահը կարող է քննարկել ներման հարց, եթե վարչապետը ներկայացրել է: Բացի այդ, նաեւ իմպերատիվ պահանջ է սահմանվում խնդրագրի առկայությունը: Այսինքն՝ կալանավորված անձը պետք է խնդրագիր գրի, որպեսզի իրեն ներում շնորհեն:

Հետաքրքրվեցինք` սա չի՞ փակում ներման բոլոր ճանապարհներն այն անձանց համար, ովքեր քաղաքական հայացքների պատճառով են հայտնվել կալանավայրերում: Կարապետ Ռուբինյանը նախ հակասահմանադրական է համարում նախագահի ներում շնորհելու հստակ իրավունքի փոփոխությունը: Ասում է. «Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ իր դրածոներից է վախենում եւ անհանգստանում, որ կարող են ինչ-որ հարցերում մրցակից դառնալ կամ իր կամքին հակառակ գործել»: Ինչ վերաբերում է խնդրագրին, մեր զրուցակիցը նկատում է` նախորդ փորձը, քաղբանտարկյալների հալածանքների պատմությունները ցույց են տալիս, որ կան դեպքեր, երբ անմեղ մարդը դատապարտված է եւ որեւէ ցանկություն չունի ներման խնդրագիր ներկայացնելու. իրեն համարում է ապօրինի դատապարտված: «Մյուս կողմից էլ՝ դատական համակարգը մեզ մոտ այնպիսին է, որ կատարված սխալները ուղղելու հնարավորություն չունեն, քանի որ ամբողջովին կախված են գործադիր իշխանությունից: Նման դեպքերում որպես փրկօղակ կարող էր ծառայել ներում շնորհելը: Եթե իշխանությունների հստակ տարանջատում լիներ, նախագահն էլ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություն ունենար, հասարակական համերաշխություն եւ արդարություն ապահովելու համար կարող էր նման քայլի գնալ»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը` նկատելով, որ այդ հնարավորությունն էլ է փակվում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն առհասարակ կարող է «խաչ քաշել» իր ժողովրդավարական ապագայի վրա: «Այդ պայծառ ուղին պարոն Սերժ Սարգսյանը որդեգրել է. տեսնենք, թե ո՞ր կիլոմետրի վրա է սայթաքելու»,- եղավ պատասխանը:

Ներման այս կարգի ամրագրումը Գուրգեն Եղիազարյանի մեջ կասկած է առաջացնում, որ վարչապետի պաշտոնը հնարավոր է ստանձնի Սերժ Սարգսյանը: Ասում է. «Հանկարծ էնպես չլինի, որ իրեն չհարգողներից մեկը հանկարծ բանտից դուրս գա»: Ինչ վերաբերում է խնդրագրին, մեր զրուցակիցը փաստում է. «Ներման ինստիտուտը վեր են ածում քրջի բազարի: Մի հատ ասա՝ հորս արեւ, որ քեզ բաց թողնենք, տարբերակն է»: Իրեն լուրջ համարող երկրի համար, ասում է, դա աննորմալ երեւույթ է, բայց Հայաստանի նման երկրի համար նորմալ է. «Ղազագիրը» ստորագրի, որ քեզ բաց թողնեմ: Սա պետության հարթություն չի, սա անձնական հարթության խնդիր է ընդամենը»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

10.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728