Լրահոս
Օրվա լրահոսը

Վերագնահատեք հանրապետությունում առկա տասնյակ հազարների հասնող շքեղ պալատներն ու առանձնատները

Փետրվար 12,2018 13:30

Արդեն «Կարմիր գրքում» հայտնված տարեց թոշակառուիս
հասանելի չէ այդ երջանիկ նախագահի նշած հանգրվանը

Հանրապետության նախագահի կողմից նորընտիր ԱԺ-ին հղած «անչափ կարեւոր» ուղերձների իրականացումը հիմնավորապես կարող են վերափոխել մեր «գաղջ» իրականությունը եւ մոտակա քսանհինգ տարիներում հասցնել ցանկալի հանգրվանի:
Արդեն «Կարմիր գրքում» հայտնված տարեց թոշակառուիս հասանելի չէ այդ երջանիկ հանգրվանը, ինչը ստիպում է ներկայացնել որոշ նկատառումներ ու առաջարկություններ:
Ճիշտ է, Սահմանադրությամբ ամրագրված է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների ու հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել ….սահմանված նպատակները»: Սակայն այդ ամենը միջոցների սղության վրա հղումներով մնում է անկատար, ինչի հետ համաձայնվել կարելի է միայն ծանրակշիռ վերապահումներով, եթե նկատենք երկրում իրականացվող շռայլ «մեծահոգությունները» ու աննպատակ վատնումները:

Զարմանահարույց է, օրինակ, 90 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ծախսերով բանկային ու հարկային համակարգերի ուսումնական կենտրոններ ստեղծելու իրողությունը: Մի՞թե այդքան շատ է թերուսների քանակը այդ համակարգերում: Ծանոթանանք եւս մի քանի ԽԹԱՆԻՉ միջոցառումների հետ.

1.«Տնտեսական Զարգացման» նախավերջին նախարարի հետեւողական հոգածությամբ ու հերոսական ջանքերով նախորդ տարի ԱԺ-ի կրկնակի քննարկումներով «Հրազդան Ցեմենտին» նվիրաբերվեց դեռ 2009 թվից գոյացած գրեթե 2000 000 ԱՄՆ դոլարը գերազանցող հարկային պարտավորություններն ու տուգանքները (այլ տնտեսավարողներ նմանօրինակ պարտավորություններով նաեւ քրեական պատասխանատվությամբ կհատուցեին):

2.Գործող վարչապետին ներկայացրած, նույն նախարարի զեկույցից տեղեկացանք, որ մինչ այդ 77 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք հարկային արտոնություններ են տրվել՝ ինչ-որ տնտեսավարողների 1700 աշխատատեղ ստեղծելու պարտավորություններով եւ արդյունքները անհայտ ու անորոշ են:

3. Ընդամենը վերջերս հայտնի դարձավ, որ 2013-2015թթ. երեք տնտեսավարողների մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրվել գյուղատնտեսությանը էժան վառելանյութ, թունաքիմիկատներ ու պարարտանյութ ՉՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ համար:
4. Ավելորդ չէ հիշատակել նաեւ «Նախընտրական Բացահայտումների» շարքից հայտնի 29 միլիարդ ԱՄՆ դոլարի երկրից դուրս տանելու, ինչպես նաեւ տարեկան մինչեւ 270 միլիոն դոլարի թուրքական ապրանքներ ներկրելու (Թուրքիայում նեդրումներ անելու) հայտարարությունները, որոնք չվիճարկվեցին եւ ընդունվեցին հավուր պատշաճի: Էլ ո՞րն ասեմ:

Վերը բերված թանկարժեք նվիրաբերումներ ու անիմաստ վատնումներ իրականացնող կառավարող համակարգը պարտավոր է գոնե տարին մեկ անգամ աղետաբեր երկրաշարժի տարեդարձին հաշվետու լինել աղետի հետեւանքների վերացման արդյունքների մասին: Իսկ հանրապետության նախագահի ներկայացրած քսանհինգամյա հավաստիացումներում ակնարկ անգամ չկա այդ ցավոտ կնճռին վերջակետ դնելու մասին:

Հիշենք, որ բնական աղետից հետո անկախություն ձեռք բերելով, անմիջապես խրոխտ կեցվածքով հրաժարվեցինք օգնության ձեռք մեկնած միջազգային հանրության ծառայություններից, հայտարարելով՝ «Մեր քանդված տունը մենք կկառուցենք»: Եվ կառուցեցինք մի տեղ փառավոր պալատներ, մի այլ տեղ՝ շքեղ առանձնատներ, քաղաքները ձեւախեղող տարատեսակ շինություններ, անմարդաբնակ, բայց մարդաշատ պողոտաներ, իսկ ահա հիմնական հասցեատեր ՏՆԱԿԱԲՆԱԿ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ համար միշտ ինչ-որ բան չբավարարեց: Մինչդեռ այդ ամենը օգնության եկածներն ապահովել էին:

Ընդամենը մեկ տարի է մնացել մինչեւ աղետյալ երկրաշարժի 30-ամյակը: Զարմանալի է, որ երկրաշարժից մինչ օրս թմբկահարվում է նրա հետեւանքների վերացմանն ուղղված հերոսական աշխատանքների մոտալուտ ավարտի սպասումը, հայտարարվում Գյումրիում 1988թ. եղած բնակֆոնդի 40% աճ, բնակչության մոտ 50% նվազում եւ դրան զուգահեռ՝ մոտ 4000 տնակների առկայություն, իսկ Սպիտակում 2567 բնակարանամուտ չտոնած ընտանիքների մասին զարմանքն ու զայրույթը միախառնված է հայտնվում եւ արդարացի հարց է ծագում, թե՝ ի՞նչ եղան ամբողջ 29 տարիների ճիգերն ու ծախսերը: Պակա՞ս էին նախատեսված ֆինանսները, թե՞ շատ էին լափող պաշտոնյաները: Տողերիս հեղինակի տեսլականով այդ հիմնահարցերի վերջնական լուծումը հնարավոր է ապահովել նոր, ոչ ստանդարտ միջոցառումներ իրականացնելով: Նախ անհրաժեշտ է աշխատատեղերով ապահովումը դարձնել Սահմանադրությամբ երաշխավորված պահանջ: Միայն հասարակության գերիշխող զանգվածին բարիք ստեղծող աշխատատեղերով ապահովելով է հնարավոր բոլոր մարտահրավերներին դիմակայել ու բարեկեցիկ կյանք ստեղծել:
Անհրաժեշտ է. 1. Իրականացնել առկա մետաղյա տնակների գույքագրում, այնտեղ ապրողների աղետյալ լինելու հանգամանքի հստակեցում, այլ կերպ ասած՝ անտուն մնացած աղետյալների իրական թվաքանակի արձանագրում:

2. Սահմանել աղետյալներին արժանապատիվ կենսապայմաններ ապահովող նվազագույն տարածքի չափը, որը պարտավորվում է եւ ի զորու է ապահովել պետությունը, մինչեւ երկրաշարժի 30-ամյակը:

3. Բնակտարածքների գույքահարկ սահմանել, միայն մեկ շնչին հասանելիք նվազագույն տարածքին գերազանցող մակերեսից սկսած, պրոգրեսիվ հիմունքներով, հարկը հաշվարկելով նույն գործակցով, ինչ գործակցով հարկվող տարածքը գերազանցում է նվազագույն կենսաապահովման տարածքին:

4. Իրականացնել բնակֆոնդի, հողատարածքների, շինությունների գույքագրում ու արժեւորում, նրանց կադաստրային արժեքը առավելագույնս համապատասխանեցնելով շուկայական արժեքին:

5. Վերագնահատել հանրապետությունում առկա տասնյակ հազարների հասնող շքեղ պալատներն ու առանձնատները, նրանց կադաստրային արժեքը ու հարկման կարգը նույնպես իրականացնել վերը բերված կարգով:

6. Վերջապես, ի հավելում այս բոլորի, եթե կառավարությունը քաջություն ցուցաբերի ու արդարացի հարկեր սահմանի օֆշորում գործող տնտեսավարողների համար, ապա ոչ միայն աղետի գոտու մեր հայրենակիցների սպասելիքները, այլ նաեւ բազում լուծում ստանալու կարոտ կճիռներ բարեհաջող ավարտ կունենան: Մնում է միայն հաջողություն մաղթել մեր քաջասիրտ ու արդարամիտ կառավարությանը:

 

ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ

թոշակառու
«Թոշակառուների Հայկական Միավորում» հ/կ հիմնադիր նախագահ

«Առավոտ»

10.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728