Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բազմալեզվությունը եւ բազմամշակութայնությունը հնարավորություն կտան քայլել ժամանակին համընթաց

Փետրվար 12,2018 13:00

Այս տարվա հունվարի վերջին Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցեցին ռեկորդային թվով քաղաքական առաջնորդներ, բիզնեսի եւ հանրության ներկայացուցիչներ: Այդ մեծ իրադարձությանը 9-ամյա դադարից հետո մասնակցեց նաեւ մեր երկրի պատվիրակությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Ֆորումին քննարկվող հարցերի շրջանակը չափազանց լայն էր՝ սկսած քաղաքականությունից, վերջացրած մարդու իրավունքներով եւ կրթությանը վերաբերող առանցքային խնդիրներով:

Ֆորումին մասնակցում էր նաեւ Ջեկ Ման՝ Ալիբաբա Գրուպ ընկերության հիմնադիրը եւ տնօրենների խորհրդի նախագահը, ում կրթության հեռանկարային խնդիրների վերաբերյալ ուշագրավ ելույթն ակտիվ շրջանառվում է համացանցում: Ելույթի հիմնական թեման այն էր, որ ժամանակակից կրթությունը պետք է համապատասխանի իրական կյանքի պահանջներին՝ գլոբալ զարգացումների համատեքստում: Ըստ նրա՝ 2030 թվականին ռոբոտները կարող են փոխարինել շուրջ 800 միլիոն աշխատողների, եւ եթե մենք չփոխենք կրթության հանդեպ մեր մոտեցումը եւ դասավանդման բովանդակությունը, ապա մոտավորապես 30 տարի հետո լուրջ խնդիրներ կունենանք: Այն, ինչ ներկա պահին մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, 200 տարվա վաղեմություն ունի: Ուսուցիչները ո՛չ թե պետք է գիտելիք փոխանցեն բառի դասական իմաստով, այլ սովորողներին զինեն ճկուն կամ բազմաշերտ ընդհանրական հմտություններով, որոնք կօգնեն անհատին տարբերվել շրջապատից, դառնալ անհատականություն, հեշտությամբ ինտեգրվել հասարակությանը եւ հաջողակ լինել աշխատաշուկայում: Ջեկ Ման կարեւորեց արժեքների փոխանցումը երեխաներին, անկախ մտածելակերպը, թիմային աշխատանքը, հավատն ու խնամքը ուրիշների հանդեպ:

Գրեթե նույն օրերին՝ հունվարի 22-23-ին, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ՀՀ դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ ՀՀ ԿԳՆ քաղաքականության մշակողների համար կազմակերպվեց սեմինար-վերապատրաստում՝ «Աջակցություն բազմալեզու լսարաններին» թեմայով: Վերապատրաստումն ամբողջությամբ ֆինանսավորվեց ԵՄ եւ ԵԽ ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի կողմից: Վերապատրաստման 31 մասնակիցներին բազմալեզու միջավայրում դասավանդելու համար նոր մանկավարժական մեթոդաբանությունը փոխանցեցին միջազգային փորձագետներ Թերի Լեմբը՝ Մեծ Բրիտանիայի Վեստմինստերի համալսարանից եւ Մերսե Բերնոն՝ Իսպանիայի Բարսելոնայի ինքնավար համալսարանից:

Ինչո՞վ էր կարեւոր այս վերապատրաստումը Հայաստանի Հանրապետության համար: Ներկա փուլում ժամանակակից կրթությունը դժվար է պատկերացնել առանց ուսումնական գործընթացի մեջ բազմալեզվության եւ բազմամշակութայնության ինտեգրման: Անհրաժեշտ է միջմշակութային հաղորդակցման ձեւավորումը ներառել դպրոցական եւ բուհական ծրագրերում՝ խթանելով մշակութային եւ լեզվական բազմազանությունը:
Հայաստանի Հանրապետությունն արդեն ընդունել է շուրջ 14000 փախստականներ Սիրիայից: Չնայած նրանք բոլորը մեր հայրենակիցներն են, սակայն տարհանված դպրոցահասակ երեխաներն աջակցության կարիք ունեն կրթական այլ միջավայրում ինտեգրվելու եւ ակադեմիական բարձր հաջողություններ գրանցելու հարցում: Որքան ավելի ճիշտ կառուցված լինի մեր երկրի բազմալեզվությանն ու բազմամշակութայնությանն ուղղված կրթական քաղաքականությունը, այնքան ավելի մեծ օգուտ կունենա մեր պետությունը ներգաղթած մեր երիտասարդ հայրենակիցներից:

Վերապատրաստումը հետապնդում էր մեկ այլ նպատակ եւս՝ խթանել սովորողների շարժունությունը եւ կրթական ծրագրերի միջազգայնացումը: Բոլորիս համար գաղտնիք չէ, որ ներկայումս ՀՀ բուհերի ուսանողներն ավելի լավ են ինտեգրված միջազգային շարժունության ծրագրերում, քան իրենց կրտսեր դպրոցահասակ ընկերները, որոնք ավելի քիչ հնարավորություններ ունեն մասնակցել փոխանակման ծրագրերին՝ ճանաչելու այլ մշակույթներ, բարելավելու օտար լեզուների իմացության մակարդակը, եւ այլն: Շատերը նաեւ հոգեբանորեն պատրաստ չեն 9-ից 15 տարեկան հասակում մասնակցելու միջազգային շարժունության միջոցառումներին Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Այս փաստը հիմնականում բացասաբար է ազդում նրանց աշխարհայացքի ձեւավորման, մասնագիտության ընտրության եւ հարակից այլ հարցերի վրա՝ համեմատած եվրոպական տարեկիցների: Միջազգային շարժունության համատեքստում չափազանց կարեւոր է նաեւ մեր դպրոցներում կրթական նպատակներով այլ երկրներից աշակերտներ ներգրավելու հանգամանքը, որը բազմալեզվության ընդլայնման խթան կհանդիսանա, ինչպես նաեւ կնպաստի ՀՀ դպրոցների ֆինանսական կայունության հետ կապված մի շարք խնդիրների լուծմանը:

Աշխարհի հետ համընթաց քայլելու եւ գլոբալ մարտահրավերներն ընդունելու ու առաջ տանելու համար ՀՀ կրթական համակարգը դեռ շատ անելիքներ ունի, սակայն առաջին լուրջ քայլերն արդեն կարծես թե արվում են եւ բարեփոխումների կարեւորությունն ընդունվում է պետական ամենաբարձր մակարդակներում:

 

ԼՈՒՍԻՆԵ ՖԼՋՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտության եւ միջազգային կապերի գծով պրոռեկտոր

«Առավոտ»

10.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728