Դեռեւս թե գործնականում եւ թե տեսության մեջ «հայրենասեր գործարարություն ինդեքս» ցուցիչը գոյություն չունի, բայց կարծում եմ, որ դրա կիրառումը մեզ համար հիմա խիստ օգտակար կլիներ: Վերջին տասնամյակում համաշխարհային տնտեսական զարգացումներն անուղղակիորեն վկայում են, որ տարբեր երկրների մեծահարուստները դուրս են գալիս միջազգային տնտեսական շուկաներ, դառնում են փայատերեր վերազգային կորպորացիաներում, զուգահեռաբար հայրենիքում խթանելով կապիտալի «արտագաղթ», ներդրումներ կատարելով օտար երկրներում, մասնակիցը դառնալով զանազան օֆշորային մութ գործարքների:
Դրանով ձեւավորվում է ազգադավ տնտեսություն, որը ոչ միայն անտեսանելի է կոնկրետ երկրների քաղաքացիների համար, այլեւ ցավալիորեն աշխատում է ընդամենը մի խումբ «էլիտար տնտեսվարողների» օգտին, անտեսելով հայրենիքի տնտեսական շահերը: Հայրենիք, որը կարիք ունի ներդրումների, լրացուցիչ աշխատատեղերի, գործազրկության նվազման, մարդկային կապիտալի արտագաղթի կրճատման:
Այսօր արդեն կապիտալի կենտրոնացումը եւ եկամուտների բաշխումը չափազանց անարդարացի բնույթ է ստացել աշխարհում: Ըստ Credit Suisse հրապարակումների, մոլորակի բնակչության 10%-ը տնօրինում է աշխարհի հարստության 89,1% մասնաբաժինը: Ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ գերհարուստները միաձուլվում են քրեաօլիգարխիկ օղակների հետ եւ ձեւավորում ազգադավ տնտեսություն, որը չունի հայրենիք եւ սահմաններ, գործում է վերազգային շրջանակներում եւ սփռված է ողջ աշխարհով: Ասում եմ ազգադավ, քանի որ այդ տնտեսության հաջողության մոդելը սեփական երկրի թալանի հաշվին մեկնարկային կապիտալի ձեւավորումն է, որը հետո պիտի աշխատի հայրենիքից դուրս եւ անօգուտ դառնա սեփական ազգի համար:
Մյուս կողմից, հայրենական տնտեսության անտեսումը եւ դրսում խոշոր բիզնեսի ծավալումը չի կարող նկատելի չլինել իշխանությունների համար, որոնք գործնականում չեն կանխարգելում այդ գործընթացը: Ավելին, այսօր արդեն մեզ համար սովորական է դարձել, որ իշխանական բարձր օղակների նախկին աշխատակիցները բիզնեսներ ունեն արտասահմանում, որ նրանց երեխաները բարձրագույն կրթություն են ստանում միջազգային համալսարաններում, որ նրանք ներդրումներ չեն կատարում հայրենիքում եւ փոխարենը` դա իրագործում են արտասահմանում, հայրենիքում անապահով համարելով ներդրումային միջավայրը: Եվ տարօրինակն այն է, որ հիմա էլ խոսում ենք ներդրումների ներգրավման կարեւորության մասին եւ միաժամանակ արձանագրում, որ նախորդ տարի մեր երկրից արտարժույթի արտահոսքը գերազանցել է ներհոսքին: Ուրեմն ստացվում է այնպես, որ ֆինանսական կապիտալ ենք կուտակում հայրենիքում, որպեսզի հետո այն արտահանենք եւ ներդնենք հայրենիքից դուրս: Հենց այս առումով էլ պետք է մտահոգ լինենք, որ ինքներս, մեր ձեռքով չձեւավորենք հայրենադավ տնտեսական միջավայր, կարողանանք ետ բերել հայրենիքից «արտագաղթած ֆինանսական կապիտալը» եւ այն ծառայեցնել ի շահ մեր երկրի:
Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության խոշոր գործարարները զանազան գնահատումներով դրսում պահում են 200 մլդ-ից մինչեւ 1 տրլն արտարժույթ, որն այսօր այդ երկրի իշխանությունները փորձում են տարբեր ճանապարհներով երկիր վերադարձնել: Կարծում եմ, ժամանակն է, որ մեր իշխանություններն էլ կատարեն նման գնահատումներ ու փորձեն վերադարձնել «արտագաղթած» ֆինանսական կապիտալը եւ ոչ թե անդադար ներդրումներ խնդրեն օտարներից:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր