Ռուսական Կայսրությունում ծառայելով` երբեք չմոռացավ իր հայ լինելը. սա փաստեցին Լորիս Մելիքովի «Կենսագրական ակնարկ» եւ «Անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին» գրքերի շնորհանդեսի գրեթե բոլոր բանախոսները: Փետրվարի 8-ը Ռուսական Կայսրության պետական ու ռազմական ականավոր գործիչ Լորիս-Մելիքովի` Թբիլիսիում հավերժական հանգրվան գտնելու օրն էր: Իսկ երեկ կայացած գրքի շնորհանդեսը, թերեւս, կարելի է համարել նրա հիշատակը հավերժացնելու կարեւոր մի քայլ:
Պատմաբան Ավագ Հարությունյանը միջոցառման սկզբում մեջբերեց Մելիքովի` ավելի քան 140 տարի առաջ ասած խոսքերը. «Ես ապրում եմ Ռուսական Կայսրությունում, բայց մենք` ռուսահայերս, եւ դուք` թուրքահայերդ, մի հայրենիք ունենք`Հայաստանը»: Իր հայ լինելու բացառիկ կերպարով է Լորիս Մելիքովն, ըստ բանախոսների, առանձնանում պետական բազմաթիվ գործիչների շարքում:
Գրքի խմբագիր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը կարեւոր համարեց այսօրինակ գրքերի հրատարակումը, որովհետեւ բոլորիս պարտքն է ճանաչել մեր ազգի մեծերին: Երիցյանի խոսքով` այս գրքի միջոցով բացահայտվում է մի ուրիշ Լորիս Մելիքով, որը մինչ այս անհայտ էր հայ ընթերցողին: «Մենք չենք ցանկանում բավարարվել միայն այս գրքի լույսընծայմամբ, նախատեսում ենք նրա մասին պատմող եւս մի գրքի հրատարակություն, որը վրացերենից կթարգմանվի հայերեն»:
Գրքի տպագրության նախաձեռնող ու աջակից, ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամ Գագիկ Աղաջանյանը նշեց, որ չնայած ծնվել ու ապրել է Թբիլիսիում, բայց իր հայկական արմատները երբեք չի մոռացել: Դա է պատճառը, որ նա պարզապես չէր կարող այս գրքի լույսընծայման ջատագովներից մեկը չլինել:
Բացի գրքից հանդիսատեսին ներկայացվեց նաեւ «Կարծիք» ստեղծագործական խմբի պատրաստած «Լորիս-Մելիքով. մեծ հայն ու անպարտելի զորավարը» տեսաֆիլմը, որն ամբողջացրեց Լորիս-Մելիքովի կերպարը:
ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Լուսանկարները հեղինակի
«Առավոտ»
10.02.2018