Հայտնի է, որ լյարդը օրգանիզմում կատարում է նյութափոխանակություն, ունի պաշտպանողական, թունազերծող, արտաթորող ֆունկցիա՝ օրգանիզմից հանում է թույները, որոնք այնտեղ ոչնչանում են: Լյարդում է արտադրվում լեղին, որից անցնում է լեղապարկ եւ այնտեղից մասնակցում մարսման աշխատանքներին: Ուստի անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ուշադրություն դարձնել այդ կենսական նշանակության օրգանին:
Եթե ցանկանում եք իմանալ, թե լյարդի հետ խնդիրներ ունեք, ապա պետք է իմանաք, որ այդ ժամանակ մաշկի վրա առաջանում են տարբեր չափսերի պիգմենտներ, խալեր, որը նշանակում է, որ լյարդում խանգարվել է պիգմենտների նյութափոխանակությունը: Կարող են լինել նաեւ տարբեր չափսերի մուգ բծեր, ճարպագնդեր:
Վերցնել 100 գրամ եղեսպակ, 75 գրամ անթառամ, 50 գրամ դառը օշինդր: Մեկ ճաշի գդալ խառնուրդին` մեկ բաժակ եռման ջուր: 2-3 ժամ թրմել, քամել, խմել օրական երեք անգամ, կես բաժակ, ուտելուց 30 րոպե առաջ:
Լյարդը, ինչպես նաեւ աղիները մաքրելու համար առաջարկվում է 20 գրամ ձիթապտղի կամ արեւածաղկի յուղը խառնել 50 գրամ կիտրոնահյութի հետ եւ խմել մեկ շաբաթ, առավոտյան` քաղցած վիճակում: Լավ է այդ ընթացքում ուտել անալի, խաշած բրինձ: Սա նաեւ օգտագործում են լեղապարկը մաքրելու համար, ուստի նախ պարզեք բուն խնդիրը, խորհրդակցեք բժշկի հետ, նոր սկսեք ինքնաբուժում:
Լյարդը կարող եք նաեւ մաքրել շատ օգտագործելով թարմ միրգ եւ բանջարեղեն, իսկ նորմալ վիճակում պահելու համար պետք է խուսափել ալկոհոլից, ծխախոտից, զբաղվել սպորտով եւ շատ հեղուկ խմել:
Բնաբույժները առաջարկում են մի շարք մթերքներ, որոնք օգտակար են լյարդի գործունեության համար: Դրանցից են բազուկը, սպանախը, սխտորը, թուրինջը: Այն նորմալացնում է լյարդի աշխատանքը, նպաստում աթերոսկլերոզի, գերհոգնածության, ալերգիկ ցանի բուժմանը, իջեցնում արյան բարձր ճնշումը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
10.02.2018